Քվորում չկա, բայց մինչև ընդմիջում հայտարարելն ուզում եմ մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 21-ին հրավիրված նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:
«Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք՝ մինչև բոլորը հավաքվեն, եթե գալու են: Կես ժամից եթե քվորում եղավ՝ նիստը կսկսենք, եթե ոչ՝ նիստը կհայտարարենք չկայացած: Բայց մինչև ընդմիջում հայտարարելն ուզում էի մեր երևանցիներին ուրախալի լուր հայտնել. այսօր ևս հայտարարվել է 280 վերելակի մրցույթ:
Ստացվում է, որ 2021թ. մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար: 46 վերելակի մրցույթն այս պահին ընթացքում է, ընդհանուր եղավ 100, 520-ը տեղադրված էր՝ եղավ 620: Փաստացի 2022 թվականին մենք կունենանք լրվ նոր 1000 վերելակ»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին։
«Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին:
Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին՝ նոր քաղաքապետի ընտրությունից հետո՝ մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջում։