Մեքենայի նստատեղերի տաքացումը վտանգավոր է առողջության համար․ մասնագետ
Вести պարբերականի փոխանցմամբ՝ Հանրային առողջության ռուսական ասոցիացիայի նախագահ Անդրեյ Դեմինը նշել է, որ մեքենաների նստատեղերի տաքացումը վտանգավոր է առողջության համար։ Նա հայտնել է, որ տղամարդկանց մոտ այն կարող է անպտղություն առաջացնել: Պրոֆեսոր Դեմինն ասել է, որ նստատեղերի տաքացումը պետք է միացնել միայն վարելուց առաջ, մինչ մենքենայի վրայից ձյունն եք թափ տալիս և այլն։ Իսկ հենց նստում եք ղեկին, ջեռուցումը պետք է անջատվի։
«Հակացուցված է տաքանալ նստատեղերի հաշվին։ Տաքացման համակարգը միայն նրա համար է, որպեսզի տհաճ զգացողություն չունենաս սառը նստատեղին նստելիս: Դա պարզապես հարմարավետության խնդիր է: Չկա որևէ օրգան, որը հարկավոր է հատուկ տաքացնել»,- ասել է բժիշկ Դեմինը:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ գտնվելով մեքենայի մեջ՝ դուրս գալու դեպքում ջերմաստիճանի կտրուկ տատանումը ոչ թե ամրապնդում է, այլ սադրում օրգանիզմը։ Իսկ նստատեղերի տաքացումն ավելի վատ հետևանք կարող է ունենալ։
Անդրեյ Դեմինը զգուշացնում է՝ տղամարդկանց համար կոնքի հատվածում երկարատև ջերմությունը կարող է անպտղության հանգեցնել։
«Պատահական չէ, որ արական սեռական գեղձերը գտնվում են մարմնից դուրս։ Ամորձիններում ջերմաստիճանը ոչ թե 36,6 աստիճան է, ինչպես ամբողջ մարմնում, այլ 2-3 աստիճանով ցածր: Միայն այդ դեպքում են բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով»,- ասել է պրոֆեսորը։