Բաժիններ՝

Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ը Սևանա լճում արգելվում է արդյունագործական ձկնորսությունը

Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման միջոցառումների ծրագիրը՝ կապված սիգի ձվադրման ժամանակահատվածի հետ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ Ոստիկանության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ եւ համայնքների ղեկավարներ։

Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, համաձայն որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է արդյունագործական ձկնորսությունը։ Նախատեսվում է Սեւանա լճից եւ «Սեւան ազգային պարկ»-ի տարածքից որսագործիքների, լողամիջոցների եւ ժամանակավոր կացարանների դուրսբերում, Սեւանա լիճը գոտեւորող անտառային ճանապարհներին խիստ վերահսկողության սահմանում, մարզից դուրս եկող ճանապարհների ելքերի մոտ հսկիչ կետերի տեղակայում, «Սեւան ազգային պարկի տարածքում շուրջօրյա հերթապահության սահմանում, Երեւանի եւ մարզերի շուկաներում սիգի ձկնկիթի եւ ձկան վաճառքը բացառելու համար ստուգայցերի կազմակերպում, հանրապետական ու տեղական ԶԼՄ-ներով իրականացվող միջոցառումների լուսաբանում։ Համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման պատասխանատուներն են ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, ՀՀ Ոստիկանությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը եւ Երեւանի քաղաքապետարանը։

«Առաջին հերթին պետք է լայն բացատրական աշխատանք տանել ձկնորսների շրջանում, համատեղ ուժերով հասնել նրան, որ արդյունագործական ձկնորսության դադարեցման ժամանակահատվածում բացառվեն ձկնորսության դեպքերը։ Մենք հաճախակի կունենանք համատեղ շրջայցեր ինչպես լճի վրա, այնպես էլ հսկիչ կետերում, Սեւանա լիճ տանող ճանապարհներին։ Կարծում եմ, որ այս գործում մեզ կաջակցեն արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող համայնքների ղեկավարները, իսկ ձկնորսությամբ զբաղվողներն ըմբռնումով կմոտենան խնդրին եւ խստիվ կպահպանեն սահմանված կարգը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս