Լոնդոնը մինչև այժմ փոխհատուցում չի վճարել Թեհրանին. Իրանի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչեւ այժմ միջոցներ չեն ձեռնարկել չմատակարարված տանկերի դիմաց Իրանին պարտքը վճարելու համար՝ դա կապելով Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքի հետ: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Լոնդոնում Իրանի դեսպան Մոհսեն Բահարվանդին, հաղորդել են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեկտեմբերի սկզբին այց են կատարել Թեհրան, որտեղ բանակցություններ են վարել գործարքը չկատարելու համար Իրանին փոխհատուցում վճարելու շուրջ:
«Բրիտանական կառավարությունը միայն խոսում է Իրանին իր պարտքը չվճարելու մասին… Մեծ Բրիտանիան գործնականում պարտքի վճարումը կախման մեջ է դնում բանակցությունների (Վիեննայում պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային գործարքի վերականգնման շուրջ) ընթացքից: Քանի դեռ այդ գործընթացը շարունակվում է, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինի»,-Fars գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքը:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը 2012 թվականին Մեծ Բրիտանիային կոչ է արել՝ Իրանին 480 մլիոն դոլար վճարել որպես փոխհատուցում Անգլիայի կողմից ձախողած պարտավորագրի դիմաց, որը International Military Services (IMS) ընկերության եւ Իրանի միջեւ կնքվել է 1974 թվականին: Այդ պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորված է եղել Իրանին մատակարարել ավելի քան 1000 միավոր բրիտանական տանկ, բայց 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության եւ իսլամական հոգեւորականության իշխանության գալու պատճառով Լոնդոնը հրաժարվել է կատարել համաձայնագրի պայմանը:
Թեհրանը մինչեւ այժմ չի կարողանում ստանալ փոխհատուցումը: Անգլիայի իշխանությունները պնդում են, որ չեն կարող պարտքը վերադարձնել, քանի որ Իրանի պաշտպանության նախարարությունը գտնվում է պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: