«Մեկ տարի շարունակ իշխանությունը փորձել է խուսափել պատասխանել մեկ հարցի՝ ինչո՞ւ Սյունիքը դարձավ անպաշտպան». Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կարևոր տեղեկություններ փոխանցեցին մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանի գրավոր ցուցումների հիման վրա Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի դիրքերից հայկական զորքերը հետ են քաշվել, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, ինչը գաղտնի է պահվել հանրությունից.
«Այսօր մեր նպատակն է ցույց տալ այս մեկ տարվա խրոնոլոգիան, հասկանալու համար, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, որ թշնամին այսօր վերահսկում է բոլոր ռազմավարական դիրքերն ու ճանապարհները: Այդ ամենը մեր մեջքի հետևում է տեղի ունեցել»,- նշեց Աննա Գրիգորյանը:
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ցույց տվեց տարբեր գերատեսչություններ ուղարկված հարցումների տրցակը, որոնց գերտեսչություններից տվել են գրեթե ոչինչ չասող պատասխաններ:
«Բանավոր խոսքով ու հայտարարություններով մեկ տարի շարունակ իշխանությունը փորձել է խուսափել պատասխանել մեկ հարցի՝ ինչու Սյունիքը դարձավ անպաշտպան: Նախորդ տարի դեկտեմբերի 17-ին Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իմիջիայլոց խոսում է Սյունիքի զորքերի տեղաբաշխման մասին: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանն ասաց, որ Սյունիքում սահմանապահներ են տեղակայվում, Սուրեն Պապիկյանն էլ հաստատում է, որ Վաղարշակ Հարությունյանը գտնվում է Սյունիքում»,- հիշեցրեց Գեղամ Մանուկյանը:
Շարունակելով գործընկերոջ միտքը, Աննա Գրիգորյանը հավելեց, որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիք, հանդիպել համայնքապետերի հետ և ասել, որ պետք է կազմակերպել Սյունիքի ինքնապաշտպանությունը: Համայնքապետերը տարակուսած հարցրել են, թե ինչու է պետք Սյունիքի ինքնապաշտպանությունը, ինչ պատճառներով է առաջնագիծը հասնելու Սյունիք:
«Այդուհանդերձ համայնքապետերը խրամատավորվում են ու իրականացնում մեծ աշխատանքներ, դրանից հետո հրաման են ստանում, որ զբաղեցրած դիրքերը պետք է լքեն և հետ քաշվեն: Երբ համայնքապետերն ասում են, որ հետ չեն գնա և պատրաստ են մինչև վերջ կանգնել, Վաղարշակ Հարությունյանն ասում է՝ դե գնացեք կանգնեք, մենք ձեզ հետ չենք: Այսինքն՝ այն ժամանակվա Պաշտպանության նախարարն ասում է, գնացեք, եթե կարող եք՝ մի բան արեք, պետությունը ձեզ հետ չէ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում