Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից
Չինաստանի իշխանությունները չեն վախենում Միացյալ Նահանգների հետ առճակատումից, բայց պատրաստ են փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Մենք չենք վախենում առճակատումից, բայց միշտ կձգտենք փոխգործակցության: Համագործակցությունը շահավետ է երկու կողմերին էլ, իսկ թշնամությունը վնաս կհասցնի թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին»,- ասել է նա չինական դիվանագիտության հարցերին նվիրված գիտաժողովում: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ն պատրաստ է երկխոսության, սակայն այն պետք է լինի իրավահավասար եւ փոխշահավետ:
«Հուսով եմ՝ ամերիկյան կողմը կգործի երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան եւ կկատարի իր խոստումները»,- հավելել է Վան Ին: Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն անցկացրել են առցանց-հանդիպում, որտեղ քննարկել են համագործակցության՝ լայն թվարկման հարցեր: Ինչպես հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը, կոնսուլտացիաների արդյունքներով՝ երկու երկրների ղեկավարները հասել են փոխհամաձայնության մի շարք խնդիրների շուրջը եւ հայտնել են շփումների ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ կատարել հեռախոսազանգեր, Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ հեռախոսով վերջին զրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: