Քովիդի դեմ Pfizer-ի դեղամիջոցը լավ արդյունք է ցույց տալիս
Pfizer-ը հայտարարել է, որ իր հակավիրուսային COVID-19 դեղահաբի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս մոտ 90%-ի արդյունավետություն բարձր ռիսկի հիվանդների հոսպիտալացումների և մահերի կանխարգելման գործում: Լաբորատոր վերջին տվյալները ցույց են տալիս, որ դեղամիջոցը նաեւ պահպանում է իր արդյունավետությունը արագ տարածվող Omicron-ի դեմ: Այս մասին․ ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Արձագանքելով վերլուծությանը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «արդեն պատվիրել է այդ հաբերի բավարար քանակություն 10 միլիոն ամերիկացիների բուժման համար»:
Փորձարկումների ընթացքում, որին մասնակցել է 2200 կամավոր, որեւէ մեկը չի մահացել, երբ կեղծ դեղահաբեր ստացած անձանց մոտ արձանագրվել է մահացության տասներկու դեպք:
Pfizer-ի դեղահաբերն ընդունվում են ավելի հին հակավիրուսային ռիտոնավիրի հետ հինգ օրվա ընթաքում յուրաքանչյուր 12 ժամը մեկ` սկսած ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո: Թույլտվության դեպքում քովիդի դեմ այս դեղամիջոցը վաճառքի կհանվի Paxlovid անվամբ:
Երկրորդ կլինիկական փորձարկումների արդյունքների համաձայն բուժումը նվազեցրել է հոսպիտալացումները մոտ 70%-ով :
Ըստ «Ռոյթերս»-ի, Pfizer-ի գիտական հարցերով գլխավոր տնօրեն Մայքըլ Դոլստենն ասել է, որ շուտով ակնկալում է ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունից և կարգավորող այլ գործակալություններից բարձր ռիսկային անձանց օգտագործման թույլտվություն: Որոշումը կարող է կայացվել մի քանի շաբաթվա ընթացքում: Դոլստենն ասել է, որ Pfizer-ը ձգտում է ավելի ընդլայնել արտադրանքը, քանի որ նոր տարբերակները, ինչպիսին է նոր հայտնաբերված Omicron-ը, կարող են զգալիորեն բարձրացնել հակավիրուսային միջոցների անհրաժեշտությունը: Ներկա պատվաստանյութերը, ըստ երևույթին, ավելի քիչ արդյունավետ են Omicron-ով վարակվելու դեպքում: