Բաժիններ՝

Հոգևոր դիպված` բանկում

«Վերջերս մի դեպք պատահեց հետս, որն ուղղակի ցնցեց ինձ, երկար մտածելու տեղիք տվեց, հիացրեց, ուրախացրեց, մի ամբողջ բույլ տարբեր զգացումների առիթ դարձավ, որոնք, կարծում եմ, դեռ երկար կուղեկցեն ինձ։ Հուսով եմ՝ կկարողանամ դա այնպես պատմել, որ կատարվածի լույսն ու իմաստությունը տեղ հասնի իմ ընթերցողներին ևս։ Այսպես, մի որոշ ժամանակ առաջ գործով գտնվում էի երևանյան բանկերից մեկում։ Շատ լարված էի, որովհետև մի շարք խնդիրներ ունեի այդ ընթացքում, իսկ բանկում հերթի մեջ լինելն էլ ավելի էր սրում անհանգստությունս։

Վերջապես հերթս հասավ, աշխատակցուհին ինձ կանչեց ներս՝ ժպիտով դիմավորելով ինձ․ վճարում պիտի անեի։ Նախ մեր օրերում մարդկանց դեմքին ժպիտ տեսնելը, այն էլ՝ անծանոթին ուղղված, այնքան հազվադեպ երևույթ է դարձել, որ երբ նման բան է լինում, անկախ մեզնից շփոթվում ենք․ միգուցե մի բան այն չէ՞։ Այս դեպքում մի բան այն էր, պարզապես ես հանդիպել էի իսկական քրիստոնյայի, ամենաիսկական, սակայն դրա մասին նոր պիտի իմանայի։ Քանի որ թղթերիս և անձնագրիս հետ կապված խնդիրներ կային, գործարքը կարող էր և չիրականացվել, սակայն ինձ շատ անհրաժեշտ էր, որ դա արվի հենց այդ օրը։

Բանկի փակվելուն 15 րոպեից էլ քիչ ժամանակ էր մնացել։ Որպեսզի չմանրանամ թղթաբանական հարցերում և պատմությունս ավելորդ չծանրաբեռնեմ դրանցով, միայն ընդգծեմ այս դրվագը՝ բանկի աշխատակցուհին անում է մի բան, որն ընդհանրապես իր պարտականությունների մեջ չի մտնում, օգնում է ինձ հենց այդ օրը կատարել այդքան կարևոր գործարքը։ Ես ապշած՝ նրան հարցնում եմ․ «Ախր մենք անծանոթներ ենք, Դուք ոչ մի առիթ չունեիք ինձ օգնելու, դա Ձեր անմիջական պարտականությունների մեջ ընդհանրապես չէր մտնում, ինչո՞ւ օգնեցիք ինձ»։ Նա աշխարհի ամենաբարի ժպիտով պատասխանում է․

«Հը՛մ, ես ինձ Ձեր տեղը պատկերացրի․ գնամ մի տեղ հերթում սպասեմ 40 և ավելի րոպե ու չկարողանա՞մ պետք եղածն անել, շատ տխուր կլիներ։ Ես անում եմ այն, ինչ կուզեի՝ ինձ հետ անեն ուրիշները»։ Նստածս տեղը քարանում եմ։ Փաստորեն նրանք գոյություն ունեն․ նրանք, որ ոչ թե գոռում են իրենց քրիստոնյա լինելու մասին, այդ ընթացքում հասցնելով պիտակավորել, քարկոծել, հայհոյել մյուսներին, այլ գործով են ցույց տալիս իրենց ով լինելը, ամենափոքր քայլերի մեջ կիրառում են մեզ պատգամվածը. «Այն ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7.12):

Երանության ու թեթևության մի ջերմ ալիք գրկում է ինձ։ Հասկանում եմ, որ քիչ առաջ կատարվածը մեծ նվեր էր և նաև շատ մեծ դաս։ Մի բան, որը ես պիտի պատմեմ հնարավորինս շատ մարդկանց և այդպիսով ցույց տամ՝ ինչպես կարող է անծանոթ մարդը 5-10 րոպեում փոխել քեզ ու քո ներսը, մաքրել հոգիդ անհանգստության ամպերից ու ցույց տալ՝ ինչպես է Աստված հոգ տանում մեր մասին իրեն հավատարիմ հոգիների միջոցով։ Գիտեք, բոլորովին էական չէր՝ այդ աղջիկն իրեն քրիստոնյա համարո՞ւմ էր, թե՝ ոչ․ ես այն մտքին եմ, որ հանդիպել եմ իրական քրիստոնյայի, որը ոչ թե անհաղորդ կերպով անում է իր գործը, ոչ թե ատում է իր կյանքն ու աշխատանքը և այդ մաղձը թափում այլոց վրա, այլ իր աշխատանքային վայրն անգամ կարողանում է լցնել լույսով և սիրով՝ այդ ամենը փոխանցելով իրեն հանդիպած մարդկանց։

Այս դեպքից հետո հաճախ եմ մտովի պատկերացնում՝ ինչպես կփոխվեր այս աշխարհն ու մեր երկիրը հատկապես, եթե բանկի աշխատակցուհին չլիներ հազարից մեկը, չլիներ մեկը, ում քայլն այսքան մեծ զարմանք կհարուցեր ինձ մոտ, այլ սա լիներ սովորական, հաճախ հանդիպող մի բան։ Ինչպիսի հզոր ու ծաղկուն հանրույթ կդառնայինք մենք, եթե մի մեր սեփական կաշվից բացի կարողանայիք այլոց համար էլ հոգ տանել՝ մեր կարողացածի, մեր հնարավորությունների սահմանում։ Դա երբեք այնքան բարդ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Եվ բարի գործերը ևս վարակիչ բնույթ ունեն․ աշխատակցուհու վերաբերմունքն այնպես է տպավորել ու հիացրել ինձ, որ ես ամեն տեղ, ամենուր փորձում եմ լինել այն մեկը, ում տեսնելով, ում հետ շփվելով կարող են ասել՝ ես իրական քրիստոնյայի եմ հանդիպել, մեկը, ով հիշում է՝ ինչ է պատգամված Քրիստոսից։ Ինչքան կարևոր է պատգամը ոչ թե անգիր ու անհաղորդ կրկնել, այլ բոլոր հնարավոր տեղերում գործի դնել, կյանքի կոչել։

Աշխարհում ամենաշատը ես հավատում եմ սերմերի զորությանը։ Ամեն օր մեր ձեռքի մեջ սերմեր են՝ և՛ բարի, և՛ չար։ Ի՞նչը կնախընտրենք ցանել պարարտ հողում, դա էլ կդառնա մեր հունձքը։ Ես հավատում եմ, որ եթե յուրաքանչյուրս փորձենք մի քիչ նման լինել բանկի աշխատակցուհուն, մեր շուրջ շատ բան կփոխվի, մեր հանրությունը կառողջանա ատելության, անվստահության, չարության ու անհանդուրժողականության այն մեծ խոցից, որն այսօր ապականել է մեր շուրջ գրեթե ամեն ինչ։ Ու թող Աստված զորավիգ լինի մեզ այս հարցում ևս։ Ամեն»։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս