Տիգրան Աբրահամյանը պարզաբանեց՝ որ դեպքում պատգամավորական մանդատներից կհրաժարվեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՀՀԿ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունը, դրան հետևած պատերազմական գործողությունները՝ իր աղետալի հետևանքներով, ցանկացած առողջ ուժի, որը ցավում է երկրում ստեղծված իրավիճակի համար, որն արձանագրում է այսօր առկա բոլոր խնդիրները և բոլոր սպասվող սպառնալիքները, պետք է մղի կատարել մարտավարական և ռազմավարական որոշակի վերանայումներ: Իսկ նպատակը, ըստ Աբրահամյանի, առաջին հերթին այս իշխանության փոփոխությանը հասնելն է:
«Որովհետև առանց այս իշխանության փոփոխության որևէ էական փոփոխություն մեր կյանքում չի լինելու: Ավելին, կա վատ արձանագրում 2018, 2020 թվականների իրադարձությունների մասով, բայց մենք պետք է նաև արձանագրենք, որ առաջիկայում մեզ նոր փորձություններ են սպասվում: Եվ այն աղետը, որը եկել է մեր ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի գլխին, ցավալիորեն այսքանով չի սահմանափակվում: Եվ ՀՀ ցանկացած առողջ ուժի համար պետք է գերագույն նպատակ լինի՝ հասնել այս իշխանության փոփոխությանը»,- նշեց Աբրահամյանը՝ չբացառելով և իրար հակադրող չհամարելով խորհրդարանական և փողոցային պայքարը:
Այսինքն, ըստ նրա՝ դա կախված է պահից, ինչպես, օրինակ, երեկ նպատակահարմար էր ակցիայի կազմակերպումը ԲԴԽ-ի դիմաց, և կլինեն դեպքեր, երբ կօգտվեն պատգամավորական մանդատի հնարավորությունից:
«Մեր միակ նպատակը մանդատի հնարավորություններն օգտագործելն է՝ մեր գլխավոր նպատակներին հասնելու համար: Եթե գա մի այնպիսի պահ, որ մենք համարենք՝ սա որևէ ձևով խնդիր չի լուծում, որևէ ձևով չի նպաստում մեր գլխավոր խնդիրների լուծմանը, բնականաբար, այդ ժամանակ որոշակի ձևով կքննարկվի դրանցից ազատվելու նպատակահարմարությունը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ մանդատները իրենց գլխավոր նպատակի իրացման տեսանկյունից 1-2 անգամ կարող են պետք գալ:
Նշենք, որ Տիգրան Աբրահամյանը կլինի ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում