Հայ-թուրքական բանակցություններում գերիշխող է լինելու Ադրբեջանի քաղաքական շահը․ թուրք քաղաքագետ
«Էրդողանն իր իշխանության օրոք տապալել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և բոլոր հարևանների հետ հարաբերությունները։ Թուրքիայի ներկայիս իշխանություններից սպասելիքներ չի կարելի ունենալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր, այսպես կոչված, կարգավորման գործընթացի արդյունքներին։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան բանագնացներ են նշանակելու հարաբերությունները քննարկելու համար։ Երկու օր անց թուրք գործիչը հայտնեց նաև, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակելու Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան և փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչին: Հայաստանի ներկայացուցիչը դեռ հայտնի չէ, սակայն Երևանը ևս հայտնել է, որ նշանակելու է հատուկ բանագնաց Թուրքիայի հետ երկխոսության համար։
Նա նշեց, որ նախ դիտարկելիս հարցը՝ ինչ սպասել, պետք է պատասխանել հարցերի, թե ինչպիսի երկիր է Թուրքիան, ինչ իշխանություններ ունի, ինչ բնույթ ունեն դրանք, ունա՞կ են արդյոք ընդհանրապես հարաբերությունների կարգավորման, թե՞ ոչ, ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարել Էրդողանը, ում ձեռքում կենտրոնացած է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ինչպիսի քաղաքականություն է վարել իր բոլոր հարևանների, գործընկերների, մեծ ու փոքր դերակատարների հետ, որքանով է եղել վստահելի գործընկեր, և ինչ է կատարվում Թուրքիայում ներկայումս։ Ըստ նրա, այս հարցերի պատասխանները տալիս պարզ կդառնա, թե ինչ սպասել կարգավորում անվանումը կրող գործընթացից։
Աքթարի կարծիքով, հնարավոր կարգավորման գործընթաց կարելի է քննարկել միայն տեսական դաշտում, գործնականում իսկապես կարգավորման, որը կհանգեցնի տարածաշրջանային իրավիճակի կայունացման, հեռանկարներ չկան։ Թուրք քաղաքագետի կարծիքով, Էրդողանի կարգախոսներից իրականացել է միայն «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը, մնացյալ բոլոր աղմկահարույց «զրո խնդիրներ հարևանների հետ» կարգախոսները և այլ կարևոր ծրագրեր տապալվել են։
«Թուրքիայի քաղաքական դասին տրվող գնահատականը՝ և իշխանությանը, և ընդդիմությանը, նրանց դիրքորոշումներին, պետք է ճիշտ լինի։ Թուրքիայում առաջիկա տարիներին ընտրություններ են սպասվում, սա ևս իրադարձությունների կանխորոշ գործոն է, որով էլ պայմանավորված են Թուրքիայի այսօրվա ներքին ճգնաժամերը։ Եվ բացի բոլոր խնդիրներից, կա Ադրբեջանի գործոնը։ Թուրքիան, կարելի է ասել, կախված է Ադրբեջանից տնտեսական և էներգետիկ առումով, ադրբեջանաթուրքական հարաբերությունները բոլոր ոլորտներում վերջին տասնամյակների ընթացքում այնպես են զարգացել, և հատկապես՝ էներգակիրներ, միլիարդավոր ներդրումներ Թուրքիայի նման երկրում, որ Ադրբեջանը Թուրքիային դրել է կախվածության մեջ և այդ հանգամանքը հստակորեն օգտագործում է տարածաշրջանային հարցերում, Թուրքիային չտալով ազատություն Հայաստանի հարցում, թեև այս իշխանություններն այդ ազատությունը ինչպես կօգտագործեին, ամեն դեպքում դա հարց է։
Սա առաջին հայացքից դժվար է հասկանալ, քանի որ մշտապես հակառակ դասավորությունն է քննարկվում Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, սակայն իրականությունը այլ է, կա ադրբեջանական մեծ ազդեցություն Թուրքիայում։ Ուստի Հայաստանի հետ ցանկացած քննարկում տեղի է ունենալու ադրբեջանական սցենարով, պատկերացմամբ, հենց այդ պատճառով էլ մինչ գործընթացը հնչում էին հստակ պահանջներ հենց Ադրբեջանի արտաքին քաղաքական նպատակների շրջանակում։ Այս ամենից պետք է ելնել բանակցությունների հեռանկարները քննարկելիս։
Մեծ ակնկալիքներ չկան հարաբերությունների կարգավորման հեռանկարների հարցում, սակայն կա միջանցքի հարցը, որը Հայաստանի լավ դիվանագիտության դեպքում բանակցելու հնարավորություն կարող է տալ։ Բայց պետք է հասկանալ, թե ով է բանակցող երկիրը և ինչ է ցանկանում։ Այդ բանակցություններում գերիշխող է լինելու ադրբեջանական քաղաքական շահը և ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այս պնդումն ապացուցում են Թուրքիայի ԱԳ նախարարի վերջին բոլոր հայտարարությունները այս թեմայով, որ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու՝ Թուրքիան որևէ քայլի չի դիմելու։ Սա դիրքորոշում է և վաղուց հայտնի»,- ասաց նա։