«Ադրբեջանը և իր սպասարկուները մեզ մեղադրում են ռևանշիզմի մեջ, որովհետև լավ գիտեն՝ ՀՀԿ-ի հետ ՀՀ-ի ազգային շահերի առևտուր չեն կարողանալու անել». Արտակ Զաքարյան

Առանց գաղափարախոսության որևէ ազգ կենսունակ չէ իր գոյության պայքարում:  ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ առանց գաղափարախոսության ժողովուրդը դառնում է պատեհապաշտ, անսկզբունք, նպատակների և անելիքների մեջ չկողմնորոշվող, հաճախ նախ՝ դեպքերի և իրադարձությունների խաղալիք:

Ըստ Զաքարյանի, ցավոք, նման ժամանակափուլեր ունեցել է նաև մեր ժողովրդի պատմությունը, երբ արյունոտ էջերից շատերը հետևանք են սեփական նպատակների բացակայության և օտար ուսմունքների ազդեցության:

«Ցավոք, այդպիսին է նաև այսօրը: Մեր ժողովրդին այսօր փորձում են զրկել հարազատ իզմերից, իսկ մենք ասում ենք, որ հայ մարդն առաջին հերթին ազգային է և պահպանողական, նվիրված իր ժողովրդին և հայրենիքին»,- նշեց Զաքարյանը՝ ասելով, որ ՀՀԿ-ն իր հիմնադրման օրվանից հիմնված է եղել պահպանողական արժեքների վրա՝ զբաղեցնելով հստակ դիրք գաղափարական և քաղաքական պայքարի դաշտում:

«Պահպանողականությունը ոչ թե հնի, այլ հավերժի հաստատումն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է: Այն արժեքավորի, որը ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Իզուր չի ասված՝ ով չունի անցյալ, չի կարող ունենալ նաև ապագա: Ապագա ունեն միայն նրանք, ովքեր գնահատում, պահպանում, արժևորում են իրենց ձեռքբերումները և հիմնարար նպատակները: Նրանք, ովքեր մեր ժողովրդին առաջարկում են մոռանալ անցյալը, դրանով զրկում են ՀՀ-ին իր ապագայից»,- շեշտեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ 2018-ի իշխանափոխությունից հետո իրենց մտահոգությունները և կանխատեսումներն իրականություն են դարձել:

«Ապաշնորհ, դավադիր իշխանությունները կոլապսի եզրին են հասցրել մեր պետականությունը»,- ընդգծեց Զաքարյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարարը շարունակեց, որ Ադրբեջանը և իր սպասարկուներն իրենց՝ ՀՀԿ-ականներին, երբեմն մեղադրում են ռևանշիզմի մեջ, որովհետև վախենում են և լավ գիտեն՝ ՀՀԿ-ի հետ ՀՀ-ի ազգային շահերի առևտուր չեն կարողանալու անել:

«Իսկ մինչ այդ մեր խնդիրն այս ապիկարներից երկիրն օր առաջ ազատելն է»,- շեշտեց Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս