Ես ՀՀԿ-ի շահերն եմ սպասարկել, ՔՊ-ի հետ առնչություն չեմ ունեցել. Սարգիս Սահակյան

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայն է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն դիտարկմանը, որ 2018  թվականին կուսակցությունից եղել է առնետավազք, սակայն ինքն այն մարդկանցից է, որը երբևէ չի դավաճանել ՀՀԿ-ին:

«Նման բան չէր կարող լինել, որ ես իշխանության հետ համագործակցեի, դա անհնարին բան էր: Ես ներկայացնում եմ Հանրապետական կուսակցությունը, ես պետք է պաշտպանեի ՀՀԿ-ի շահերը: Նման խոսակցություններն ուղղակի մտացածին են: Նման բան չի կարող լինել»,- նշեց Սարգիս Սահակյանը:

Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ են իր անունը կապել գործող իշխանության հետ, Սարգիս Սահակյանը պատասխանեց, որ նման բան չի եղել, լրատվամիջոցներից մեկը դրա վերաբերյալ իրեն հարց է ուղղել, ինքն էլ ասել է, որ նման բան չկա:

Ինչ վերաբերում է իր դեմ 2019  թվականին հարուցված քրեական գործին, Սարգիս Սահակյանն ասաց, որ իրեն առնչվող որևէ քրեական գործ չկա:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այսօր Արագածոտնի մարզի իշխանության հետ որևէ առնչություն չունի, իր նկատմամբ էլ ճնշում չկա ո՛չ մարզային իշխանության, ո՛չ անձամբ մարզպետի կողմից:

«Ներկա մարզպետի հետ բավականին երկար դրական հարաբերություններ ունենք, նա արցախյան ազատամարտի մասնակից է եղել, որպես կյանքը և առողջությունը վտանգած մարդ, միշտ նորմալ հարաբերություններ ենք ունեցել»,- շեշտեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ իշխանության կողմից համագործակցության որևէ առաջարկ չի ստացել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս