Պարտված իշխանության հետ ի՞նչ երկխոսություն. Սուքիաս Ավետիսյան
«Քաղաքական գործընթացները ոչ միայն Շիրակի մարզում, այլև ամբողջ ՀՀ տարածքում նույն սցենարով են գնում, որովհետև «ռեժիսորները» նույն մարդիկ են: Եթե մենք ՏԻՄ խարտիան ընդունել ենք որպես պետություն, ապա ցանկացած իշխանություն պարտավոր է դա հարգել և ոչ թե գրոհել տեղական ինքնակառավարման ընտրված ներկայացուցիչների վրա՝ փորձելով իրենց ցանկացած ձևով վարվել ՏԻՄ-երի հետ»,- ՀՀԿ համագումարի ընդմիջման ընթացքում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Շիրակի մարզից ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մասամբ ներկայացնելով Շիրակի մարզում տեղի ունեցող հետընտրական գործընթացները:
Անդրադառնալով նորանշանակ մարզպետի գործունեությանը՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե որևէ անձի հետ կապված խնդիր չունի և միայն որոշակի աշխատանքից հետո կարող է գնահատականներ տալ:
Նախկին պատգամավորը նաև գնահատեց 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները՝ բաժանելով այն երկու մասի. «Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք փորձում են գործել երկրի առջև ծառացած խնդիրներին համահունչ, իսկ իշխանությունն ինքն իր օրակարգն ունի. չի ուզում շեղվել իր օրակարգից, իր կերակրամանից հեռու մնալ, և փորձում են այդ օրակարգով առաջ գնալ՝ անտեսելով երկրի և ժողովրդի առջև ծառացած բոլոր կարևոր հիմնախնդիրրները»:
Գերիների մասին վերջերս ԱԺ նախագահի հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին Սուքիաս Ավետիսյանը չցանկացավ անդրադառնալ, միայն ասաց, որ Շիրակում, որտեղ մեծ թվով գերիներ կան, նորմալ չի ընդունվել:
«Ես պետք է անկեղծ լինեմ՝ նախ ասեմ, որ նման մարդկանց հայտարարություններն ինձ համար մեկնաբանել շատ ամոթ է: Բայց ցավում եմ, որ գերիների հարազատները հիմա նոր հասկացան՝ իրենց երեխաների հաշվին իշխանությունները փորձում են մանիպուլյացիաներ անել»,- ասաց նա՝ նկատելով, որ գերիների վերադարձի ուղղությամբ իշխանությունները լուրջ աշխատանք չեն կատարում, համենայն դեպս տեսանելի չի:
Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև տարածաշրջանային նոր իրողություններին՝ հայ-թուրքական երկխոսության մասին հայտարարություններին, և շեշտեց, որ նման հարաբերությունները չպետք է լինեն ի հաշիվ ինքնիշխանության և տարածքային կորստի, անմեղ զոհերի:
«Չերկխոսելու այլընտրանքը պետության ինքնիշխանությունը համապատասխան մակարդակի վրա դնելն է, որն այս իշխանություններն ի վիճակի չեն: Պետք է լինի նոր իշխանություն, պետք է լինեն նոր իրողություններ, որպեսզի կարողանան հավասարը հավասարի հետ երկխոսել. պարտված իշխանության հետ ի՞նչ երկխոսություն»,- եզրափակեց ՀՀԿ անդամը: