«Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության». Սերժ Սարգսյան
Մարդկանց հույզերի, սպասումների, ոգևորության ալիքի վրա իշխանության եկած անհայրենիք պոպուլիստները շատ արագ մոռացան բոլոր խոստումները և ամենազազրելի մեթոդներով, հակասահմանադրական քայլերով ասպատակում են մեր պետությունը: Այս մասին այսօր հրավիրված ՀՀԿ 17-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ինչպես հայտնի է և մարդկության պատմության մեջ բազմիցս ապացուցված` պոպուլիզմից բռնապետություն մեկ քայլ է:
Երկիրը կառավարելու անընդունակ, անգրագետ, մեծամիտ պոպուլիստները սեփական ձախողումները արդարացնելու նպատակով մարդկանց շարունակաբար ստերով կերակրելու վաղուց հայտնի ձևն են օգտագործում` հրապարակ նետելով «ամեն ինչում նախկիններն են մեղավոր» թեզը, որպեսզի ժամանակ շահեն դեպի ավտորիտար ռեժիմ տանող ճանապարհին իրենց դիրքերն ավելի ու ավելի ամրապնդելու, պատասխանատվությունից խուսափելու համար: Նրանց արդեն բավարար չեն զավթած գործադիր և օրենսդիր իշխանությունները. տևական ժամանակ հարձակում են իրականացնում դատական իշխանության և մամուլի դեմ: Ժողովրդի անունը անընդհատ շահարկելով՝ իբր ժողովրդին ծառայող ու հաշվետու իշխանությունները կարճ ժամանակ հետո սկսեցին նույն ժողովրդի թիկունքում թաքուն որոշումներ կայացնել, գաղտնի բանակցություններ վարել և ցինիկաբար հայտարարել, թե` «լավ ենք անում»:
Գործող վարչախմբի հակաօրինական, հակասահմանադրական քայլերը տեղի են ունենում Սահմանադրության պահպանման ապահովմանը կոչված նախագահական ինստիտուտի վախվորած կեցվածքի, հանցավոր լռության, որոշ դեպքերում` համագործակցության պայմաններում, ինչպես նաև միջազգային և տեղական համապատասխան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների աչքի առջև, որոնք հանդուրժում են սրանց ակնհայտ հակաժողովրդավարական, հակաօրինական որոշումներն ու գործողությունները, երբ տարիներ առաջ լուն ուղտ կսարքեին, միջազգային հարթակներում աղմուկ կբարձրացնեին, զեկույցներ կգրեին, հարցազրույցներ կտային: Պատահականությո՞ւն է սա: Արդյո՞ք այդպիսով մինչև այժմ անուղղակի չէին խրախուսում և չեն խրախուսում այս ամենը, և ի՞նչ գին ունի այդ լռությունը: Իրենց համար՝ չգիտեմ, բայց մեր պետության ու ժողովրդի համար անասելի մեծ գին արժեցավ` ընդհուպ մինչև մեր հայրենիքի մի հատվածի կորուստը և հազարավոր երիտասարդների կյանքեր, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հասցված մեծ հարված»,– հայտարարեց Ս․ Սարգսյանը՝ հավելելով, որ արդյունքում ստացվեց, որ, այսպես կոչված, չտվողը տվեց ամեն ինչ ու մինչև հիմա տալիս է:
«Իր համար տալը հեշտ է, քանզի վերցնելու համար իր և իր ընկերների արյունը թափված չէ, քանզի իր հոգու մեջ Հայրենիքը գերագույն արժեք չէ, քանզի իր աթոռը, բարեկեցությունը, հիվանդագին ամբիցիաները, նյութական շահերը վեր են դասվում հայրական տնից, պապերի գերեզմաններից, զավակների դպրոցից և Աստծու տաճարներից:
Իր համար հեշտ է, իսկ քե՞զ համար, հա´յ ժողովուրդ, հե՞շտ է հետևել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաներիդ դպրոցի ճանապարհը անցնում ադրբեջանական զինվորների հայացքների և ավտոմատների ներքո, թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում, իսկ ավելի ճիշտ՝ նավթ ու բենզին, թե ինչպես են հինավուրց մի ժողովրդից փորձում կերտել մանկուրտների հանրույթ:
Եվ այս ամենից հետո խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա»,– հայտարարեց Ս․ Սարգսյանը:
Նա նշեց, որ ՀՀԿ–ն հայտարարում է՝
«- Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության:
– Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս:
Հանրապետականը, ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախը»:
Ս․ Սարգսյանի խոսքով՝է մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր և ակտիվ վերափոխումների ժամանակաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ինչպես գերտերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև առկա ուժային հավասարակշռության փոփոխման, ազդեցության նոր գոտիների ձևավորման ուղղությամբ։ Նման մասշտաբային փոփոխությունները, Ս․ Սարգսյանի դիտարկմամբ՝ անխուսափելիորեն հանգեցնում են նոր ճգնաժամերի և մեծացնում անկանխատեսելի զարգացումների ռիսկերը:
Նա նշեց, որ աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները, լարվածության ավանդական օջախներին ավելանում են նորերը, և այս ամենը ոչ մի լավատեսություն չի ներշնչում։
«Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում մեր խնդիրները աշխարհին ավելի հետաքրքիր չեն, քան սեփական հոգսերը։ Մենք չենք կարող քայլել համաշխարհային գործընթացների տրամաբանությանը հակառակ և պահանջել, որ աշխարհն ու միջազգային հանրությունը մեր փոխարեն լուծեն մեր խնդիրները։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է ընկած լինի ցանկացած ողջամիտ իշխանության քաղաքականության հիմքում, քանի որ դրա անտեսումը պատմականորեն ողբերգական հետևանքներ է ունեցել պետությունների համար։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում այսպիսի մասշտաբային փոփոխություններ տեղի են ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 100 տարի առաջ, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, մենք կարողացանք վերականգնել Հայոց պետականությունը, միաժամանակ` հենց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները ճիշտ չընկալելու, սեփական ուժերը ճիշտ չգնահատելու, անփորձության, պառակտվածության արդյունքում կարճ ժամանակ անց կանգնեցինք մեծ կորուստների փաստի առջև։ Սեփական սխալներից դասեր չքաղելը հղի է նոր աղետների կրկնություններով:
Գլոբալ փոփոխությունների վտանգավոր ժամանակահատվածում, մեծ հաշվով, կարողանում են ճիշտ դիրքավորվել այն երկրները, որոնց հաջողվում է գրագետ քայլերով, ճկուն դիվանագիտությամբ պահպանել հավասարակշռությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. ոչ թե փորձել աշխարհին քայլեցնել քո կամայական ու հաճախ չհիմնավորված ցանկությունների ուղղությամբ, այլ քայլել համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին զուգահեռ։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից սկսած՝ մեր քայլերը հենց այդպիսին են եղել, որոնց վրա ընթացիկ առանձին խնդիրները մեծ ազդեցություն չեն ունեցել: Արդյունքում` մենք ունեինք կայուն և զարգացող երկու հայկական պետություն, մեզ հարգում էին որպես հաղթանակած ազգ, որպես ընկալելի ու կանխատեսելի գործընկեր։
Ցավոք, վերջին տարիներին մեր երկիրը շեղվել է այս պարզ տրամաբանությունից և շարժվում է անհասկանալի ու խիստ վտանգավոր ճանապարհով։ Գործող վարչակարգի անհեռատես ու արկածախնդիր քայլերի հետևանքով Հայաստանը կորցրել է երբեմնի հեղինակությունը, դիրքավորվել որպես աշխարհի համար լրացուցիչ խնդիր դարձած երկիր և ակնկալում է, որ իրեն աջակցեն։ Ընդ որում, այդ ակնկալիքը արտահայտվում է մե՛րթ անհասկանալի ամբիցիաներով ու հռետորաբանությամբ, մե՛րթ նվաստացուցիչ խեղճուկրակ զիջողականությամբ: Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը, առհասարակ, կասկածի տակ է դնում մեր պետության և ժողովրդի կենսունակությունը»,– հայտարարեց Ս․ Սարգսյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտակցել, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել:
«Վերը թվարկածիս գումարվել է մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային լրջագույն խնդիր է դարձել բոլոր երկրների և առաջին հերթին ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողունակ և անպատասխանատու իշխանություններ ունեցող երկրների համար։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որը համավարակի հենց սկզբնական շրջանում այնպիսի անլուրջ և անպատասխանատու մոտեցում ու գործելակերպ որդեգրեց, որ մարդիկ սկզբից ևեթ ամբողջ լրջությամբ չընկալեցին վերահաս վտանգը և անգրագետ ղեկավարի անպատասխանատու վարքագիծը, անհեթեթ որոշումները, ուշացած արդարացումներն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակում ձեռնարկած քայլերը ոչ միայն ցանկալի արդյունք չապահովեցին, այլև Հայաստանը հայտնվեց համավարակից ամենաշատը տուժած երկրների ցանկում»,– ասաց ՀՀԿ նախագահը: