«Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում․․․ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն, նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում»․ Սերժ Սարգսյան
Այսօր ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ քյս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է։ Նրա խոսքով՝ որպես քաղաքական ուժ, ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն են ազդարարելու, ընտրությունների արդյունքներով հաստատելու են Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու են` հաջողություն
«Իմ զինակից ընկերների, այս դահլիճում գտնվող ձեզնից շատերի ծնողների հետ մենք կյանքի ու մահվան մի ամբողջ ճանապարհ ենք անցել, որտեղ մարտի դաշտում զոհված ամեն մի զինվորի հետ մահացել ենք ու պաշտպանած ամեն մի բարձունքի հետ կյանք ստացել:
Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով՝ սա հասկանալու համար:
Այսօր աշխարհում 85 ազգեր կան, որ 3-ից 30 միլիոն բնակչություն ունեն, լեզու, մշակույթ, կրոն ունեն, բայց պետություն չունեն: Ի՞նչ է, մենք ուզում ենք համալրե՞լ նրանց շարքերը, մոռանա՞լ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր մեր եղբայրների ու քույրերի արյունը:
Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում: Մեր սերունդը հավատում էր, որ Հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ: Մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն ու ծառայությունն էր: Մեր սերունդը հավատում էր, որ գործերը խոսում են իրենց մասին: Ընդ որում, միջազգային հարաբերությունների տեսանկյունից հետաքրքիր է արձանագրել, որ երկրորդ աշխարհամարտից հետո տարածքային ձեռքբերմամբ և առանց սանկցիաների ուղեկցվող հաղթանակներ չեն եղել աշխարհում: Ինչպե՞ս չկարողացանք հստակ բացատրել մեր ժողովրդին այս բարեբախտության նշանակությունը: Փոխարենը «տանք, որ լավ ապրենք»-ը լայնորեն գովազդվում էր: Ակամայից ուզում եմ հարցնել` հիմա լա՞վ եք ապրում:
Այս համագումարը նաև յուրօրինակ ջրբաժան է: Այսօր և այստեղ մենք, որպես քաղաքական ուժ, ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն ենք ազդարարելու, մեր ընտրությունների արդյունքներով հաստատելու ենք Հանրապետականի դավանած արժեքների համար պայքարում ամուր կանգնողների վճռականությունը, իսկ քաղաքական խրամատում պայքարին անպատրաստ կուսակիցներին ասելու ենք` հաջողություն: Նրանք չեն կարող տեղ ունենալ մեր շարքերում:
Թվում է, թե վերջին երեք տարիներին մենք անցել ենք ամենածանր փորձությունների միջով, բայց ոչ, սիրելի՛ կուսակից ընկերներ, ինքներդ էլ հասկանում եք, որ դրանք անցյալում չեն մնացել. մեզ և մեր երկրին ու ժողովրդին պատուհասած փորձությունները չեն ավարտվել, և մենք, որպես քաղաքական ուժ, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու, առանց վհատվելու պայքարելու երկիրն ու մեր երեխաների ապագան կործանման տանող դավաճան ստահակների դեմ: Այստեղ նստած յուրաքանչյուրդ և այս դահլիճից դուրս գտնվող մեր հազարավոր հանրապետական ընկերները պետք է հարց տան իրենք իրենց և ազնվորեն պատասխանեն` պատրա՞ստ են զոհողությունների: Կուսակցությունում մնալու պայմանը պետք է լինի նրանց պատասխանը`
Այո՛, պատրաստ ենք մինչև վերջ տեր կանգնելու մեր ազգային արժեքներին.
Այո՛, պատրաստ ենք աննահանջ կանգնելու Հայաստանի և Արցախի պաշտպանության ու ինքնիշխանության համար պայքարի դիրքերում.
Այո՛, պատրաստ ենք մեր լեզուն, մշակույթը, եկեղեցին պաշտպանելու օտարահաճո ապազգային տարրերի հարձակումներից.
Այո՛, պատրաստ ենք տեր կանգնելու մեր ազգային արժանապատվությանը, մեր սուրբ հողին ու պետությանը և արժանի լինելու բոլոր ժամանակներում հանուն այդ հողի և պետության նահատակված մեր հերոսների հիշատակին»: