Քրիստինեից առաջ այդ պաշտոնում իշխանության կողմից առաջադրման առաջարկները բոլորը մերժել են. Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն այսօր պնդել է, որ ունի հեղինակություն և որպես հիմնավորում նշել է «Վենետիկյան» կոչվող սկզբունքների «հեղինակություն» բնորոշմանը տված 4 հիմնական ստանդարտները: Դրանք են՝

1) բարձր բարոյականություն

2) մասնագիտական գործունեություն

3) մասնագիտական կրթություն

4) բարեվարքություն:

Քրիստինեն կին է, ուստի չեմ խոսի նրա «բարձր բարոյականություն» ստանդարտի մասին, քանի որ երբեք ճիշտ չեմ համարել, երբ տղամարդը քննարկում է կնոջ բարոյականությունը: Սա անկախ նրանից, թե ինչ եմ տեսել ու ինչ գիտեմ:

Այսպիսով, սկսեմ մասնագիտական կրթությունից: Քրիստինեն չունի իրավաբանի կրթություն: Նա ընդամենը ավարտել է Հյուսիսային համալսարանի 2 տարվա իրավաբանական անհասկանալի մի կուրս և իբր ստացել է բակալավրի որակավորում:

Բոլոր նրանք, ովքեր իրականում ունեն իրավաբանի կրթություն և առնվազն բակալավրի որակավորում, չգիտեն ու չեն հասկանում, թե ինչպես պիտի 2 տարում կարողանաս իրավաբանի կրթություն ատանաս: Մասնավոր ԲՈՒՀ է, գուցե ունեցել է հնարավորություն ընդամենը 2 տարվա կուրսեր ավարտողին բակալավրի դիպլոմ նվիրելու, բայց հաստատապես պնդում եմ, որ իրավաբան չի կարողացել պատրաստել:
Մասնագիտական գործունեությունը.

Քրիստինեն չունենալով իրավաբանի կրթություն՝ սկսել է աշխատել ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ: Հետո ատանալով 2 տարվա կուրսերն ավարտելու թուղթը (ինքը երևի դրան դիպլոմ կասի) շարունակել է նույն աշխատակազմում աշխատել իրավաբանության հետ գրեթե կապ չունեցող պաշտոններում:

Իրավաբանի մասնագիտական գործունեությամբ նա չի զբաղվել անգամ Արդարադատության նախարարությունում, որտեղ հայտնվեց բացառապես Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ:
Բարեվարքության մասին.

Նրա անբարեվարքության ակնհայտ օրինակ էր ԱԺ-ում վերջին շփումը լրագրողների հետ: Բայց բարեվարքության բացակայության մասին շատ չեմ խոսի, քանի որ բնույթով շատ նման է կնոջ բարոյականությանը:

Իսկ ինչո՞ւ է իշխանությունը որոշել առաջադրել հենց Քրիստինեի թեկնածությունը: Ստիպված: Բանն այն է, որ Քրիստինեից առաջ այդ պաշտոնում իշխանության կողմից առաջադրման առաջարկները մերժել են բոլոր այն իրավաբանները, որոնք ունեն լայն ճանաչում, բարձր հեղինակություն և մասնագիտական արժանապատվություն»:

Տեսանյութեր

Լրահոս