Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի նիստը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի հարցերով Համատեղ հանձնաժողովի երկրների նիստը: Այդ մասին հաղորդում է «Եվրոնյուս»-ը:
Ըստ աղբյուրի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ համաձայնության են հասել փոխարինելու տեսախցիկները ցենտրիֆուգների արտադրությունում այն բանից հետո, երբ դրանք, ըստ լուրերի, վնասվել են հարձակման հետևանքով, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:
Իրանն էլ հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա ուսումնասիրել տեսանյութը միայն պատժամիջոցների վերացումից հետո։
«Երբ Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնեն դրան՝ մենք տեղեկատվության հասանելիություն կստանանք: Նախադրյալը, որի հիման վրա ստորագրվել է այդ պայմանագիրը, այն էր, որ դա տեղի կունենա, երբ համաձայնություն ձեռք բերվի, և ես ենթադրում եմ, որ համաձայնության կհասնենք այն ժամանակ, երբ հանվեն պատժամիջոցները, բայց դա այլ մարդկանց որոշելիքն է», – ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Ինչպես նշում է «Եվրոնյուս»-ը՝ Վիեննայի բանակցությունների նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնել Իրանի միջուկային համաձայնագրի մասնակցությանը, ինչպես նաև ստիպել Թեհրանին դադարեցնելու իր միջուկային գործունեությունը: