Սպիտակ տան խոսնակը թվարկել է Բայդենի արտաքին քաղաքական խոշորագույն նվաճումները
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խոշորագույն արտաքին քաղաքական նվաճումը օտարերկրյա գործընկերների հետ Վաշինգտոնի կապերի ամրապնդումն է և միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաջատար դերի վերականգնումը: Այդ մասին հայտնում է ամերիկյան «Ֆոքս Նյուզ»-ը:
Սպիտակ տան խոսնակը նախագահ Բայդենի ձեռքբերումների թվում նշել է նաև վարչակազմի դերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածման գործում ոչ միայն Ամերիկայի, այլև համաշխարհային մակարդակով: Փսակիի խոսքով՝ Միացյալ Նահանգները դարձել է այն շարժիչ ուժը, որը առաջ է մղել համաշխարհային տնտեսության վերականգնումը համավարակից հետո:
Բացի այդ, ըստ խոսնակի՝ Բայդենի վարչակազմը վերադարձրել է Նահանգները այնպիսի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման գործընթացներին, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Նախագահ Բայդենի գալով՝ Միացյալ Նահանգները նորից միացել է Փարիզի համաձայնագրին:
Թվարկելով վարչակազմի նվաճումները՝ Փսակին նաև ընդգծել է Միացյալ Նահանգների դաշինքների վերականգնումը, այդ թվում Եվրոպայի հետ: