Ռուբեն Վարդանյանի թիմը՝ նոր Կառավարություն, Փաշինյանը՝ նախագահ. Սահմանադրության փոփոխությունն օրակարգում է. Նաիրա Զոհրաբյան

Առաջինը հայ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանած Երևանի դեռևս գործող քաղաքապետ Հայկ Մարությանը, թերևս, դարձավ այն եզակի գործիչներից մեկը, որը հեղափոխության ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցն էր, բայց չներեց պատերազմն ու պարտությունը և դուրս եկավ Փաշինյանի քաղաքական թիմից: Գաղտնիք չէ, որ Նիկոլն էլ նման բաները չի ներում, քանի որ Նիկոլի համար իր թիմում բոլորը պարտադիր պետք է լինեն երդվյալ զոմբիներ, որովհետև Նիկոլն առաջնորդվում է՝ «կոշիկի քուղ լինի՝ իմ թիմից լինի, կամ ստրուկ լինի, միայն թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինի» սկզբունքով, ուստի հիմա Հայկ Մարությանի դեմ սկսել է քաղաքական ռեպրեսիաներ, որոնք ավելի վաղ էլ կսկսեր, եթե կարողանար քաղաքապետի հարմար թեկնածու գտնել։

168 TV-ի Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, երբ անդրադարձավ Երևանի քաղաքապետի շուրջ սկսված գործընթացներին, ապա շարունակեց.

«Եթե հիմա ասում են, թե Հայկ Մարությանն իրենց կուսակցությունից չէ, դրա համար են նաև անվստահություն հայտնում նրան, այդ դեպքում հարց է առաջանում, իսկ երբ «Ելք» դաշինքով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ այդ դաշինքից, ինչո՞ւ մանդատը վայր չդրեց ու դուրս չեկավ խորհրդարանից»։

Զոհրաբյանը ցավով նշեց՝ Փաշինյանի նախաձեռնած այս գործընթացին զոհ գնացին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամները, որոնց ավելի վաղ կոչ էր արել չդառնալ այս գործընթացի փոքրիկ գործիքները։

«Այս պահին, բոլոր նրանք, որոնք միանում են իշխանության այս հաշվեհարդարին, դառնում են պարզապես պուճուրիկ գործիքներ, պուճուրիկ բոլտիկներ»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով՝ Հայկ Մարությանի դեմ հաշվեհարդարից հետո իշխանությունը քաղաքապետ է կարգելու մի անհասկանալի կերպարի։

«Հրաչյա Սարգսյանին են ընտրել որպես թեկնածու, որը «Առաքելություն» կուսակցությունից է եղել։ Այդ կուսակցությունը հիմա վերածվել է «Ապրելու երկիր» կուսակցության, որը կոորդինացվում է Ռուբեն Վարդանյանի կողմից։ Այստեղ շրջանառվում է նաև Արմեն Սարգսյանի անունը, իսկ այս մարդիկ գլոբալ առումով որևէ տարաձայնություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ՝ անկախ նրանից, որ հայտարարում են, թե պատրաստ են անգամ բանտ նստելու, մինչդեռ քաղաքականության մեջ մտնելու համար պետք է ընդամենն ունենալ մաքուր կենսագրություն, որ չկարողանան քո դիմաց կոմպրոմատների դավթարներ դնեն՝ կապված տարբեր օֆշորների հետ»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ իհարկե, այս պահին դեռևս 100 տոկոս ճշգրտությամբ չի կարող հստակ ասել, թե ի՞նչ կոմպրոմատ է դրել Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի առաջ, բայց այն, որ այս թիմը հենց Փաշինյանի պրոյեկտն է, ինքը միարժեք հաստատում է։

«Այս համատեքստում շատ կատաստրոֆիկ սխալ կանի գործող ՄԻՊ Արման Թաթոյանը, եթե հանկարծ մտնի քաղաքական դաշտ այս պրոյեկտով, որի հանրագումարը լինելու է Փաշինյանի ծրագրի ավարտը, որի գլխին էլ կանգնած է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

Նման զարգացման դեպքում ես ցավ կապրեմ իմ լավ ընկեր Արման Թաթոյանի համար, որովհետև ինքը կարող է այդ ծրագրին միանալով՝ զրոյացնել իր բարձր հեղինակությունը։

Եթե հասարակությունը զգաց, որ Արման Թաթոյանին փորձում են տեղավորել մի պրոյեկտի մեջ, որն իրենը չէ՝ Փաշինյանինն է, ապա նրա անմրցակից ոչ թե քաղաքական, այլ մարդկային բարձր վարկանիշը միանգամից զրոյանալու է»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյան-Փաշինյան-Արմեն Սարգսյան տանդեմի վերջնական նպատակն է առաջիկա տարվա ընթացքում հասնել Սահմանադրության փոփոխության, որի արդյունքում ստացվելու է հետևյալ պատկերը։

«Մեկ տարվա ընթացքում Փաշինյանը պատրաստվում է գնալ Սահմանադրության փոփոխության՝ Փաշինյանը՝ նախագահ, Ռուբեն Վարդանյանի թիմը՝ նոր կառավարություն. իհարկե, կից կլինեն նաև Արամ Զավենի Սարգսյանի և մի քանի այլ փոքրիկ կուսակցություններ»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանի նշյալ ծրագրի վերջնարդյունքում երևան կգան սպիտակ օձիքներով ու նոր դեմքերով մարդիկ։

Զոհրաբյանը շեշտեց՝ եթե ինքը վստահ լիներ, որ Ռուբեն Վարդանյանը պրոյեկտ չէ, ապա առաջինը կողջուներ Վարդանյանի մուտքը քաղաքականություն, կողջուներ նրա հետ քաղաքականություն մտնող սպիտակ օձիքներով գրագետ երիտասարդներին, սակայն իր քաղաքական հոտառությունն ու լսած բազմաթիվ խոսակցությունները համադրելով առկա փաստերի հետ, ողջունելու առիթ չունի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս