Մենուա Հովսեփյանը գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ բավարարելով պաշտպանների միջնորդությունը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մենուա Հովսեփյանն արդեն ազատ է արձակվել «Գորիս» ՔԿՀ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը և բեկանել Մենուա Հովսեփյանին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչից հետո Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել էր ՔԿՀ և կրկին կալանավորվել։

Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, ինչը բավարարվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել են երեկ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննության նպատակով դատարան ներկայացվելու համար։

Կալանավորման միջնորդություններից դատարանը բավարարել է միայն Մենուա Հովսեփյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, իսկ ձերբակալված Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհիներ՝ 66-ամյա Ս.Մկրտչյանին, Ա.Չոպչունցին և Գորիսի փոխքաղաքապետ Ի. Յոլյանին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել են։ Վերջինս սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ մասնակցելու համար Գորիսի ՏԻՄ ընտրություններին որպես Առուշ Առուշանյանի ներկայացուցիչ։ Նախաքննության ավարտական փուլում ՔԿ-ն վերաորակել է արարքը։ Այժմ Իրինա Յոլյանը, Սուսաննա Մկրտչյանը և Չոպչունցը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանը՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Այժմ քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բորիս Բախշիյանի վարույթում։

Տեսանյութեր

Լրահոս