Արմեն Սարգսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիսթինե Վայգանդին իր ողջ եռանդը կներդնի մեր երկրում երեխաների համար արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, նշելով, որ գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:
Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին՝ առաջարկելով ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել նրանց:
Մտքեր են փոխանակվել Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել նաև նախագահ Սարգսյանի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի գործունեությունը: