Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց
Այսօր կայացել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: 12 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտորը, անդրադառնալով իր միակ թեկնածու լինելուն և Արծրուն Իսահակյանի թեկնածությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն, ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ՝ նա դուրս է մնացել մասնակցությունից:
«Ըստ կանոնակարգի՝ գոյություն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր և վերջնաժամկետ, որից նա ուշացել էր»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նաև նկատեց՝ տեղյակ չէ, թե ովքեր են այն 5 անձինք, ովքեր իրեն դեմ են քվեարկել, սակայն շեշտեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ նիստը բավականին լավ մթնոլորտում է անցել: