Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման 25 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը 16-ից հասել է 25-ի: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ, վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նախագահ Տատյանա Գոլիկովան: «Այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է 25 մարդու մոտ՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգ եւ Դոնի Ռոստով քաղաքներում»,-ասել է նա՝ հանդես գալով Պետդումայում:
Պաշտոնյայի խոսքով՝ օմիկրոնի տարածումից խուսափելն անհնար է, հատկապես, ամանորյա ժամանակաշրջանում անդրսահմանային տեղափոխությունների պայմաններում: Եթե առաջանա նոր պատվաստանյութ ստեղծելու պահանջ, ապա պատրաստուկը արտակարգ իրավիճակի հետ կապված կգրանցվի արագացված ընթացակարգով, հավելել է նա: Գոլիկովան նաեւ ներկայացրել է կոլեկտիվ իմունիտետի նորմացված տվյալները. ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, ներկայացրել է նաեւ բնակչության պատվաստման մակարդակը. լիովին պատվաստվել է 70,4 միլիոն, մեկ բաղադրիչով՝ 76,4 միլիոն ռուսաստանցի: SARS-CoV-2 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի կեսերին՝ Բոտսվանայում եւ ՀԱՀ-ում:
Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S-սպիտակուցի մեջ, որն ախտածինին անհրաժեշտ է բջիջներն ախտահարելու համար: Ենթադրվում է, որ այդ տարատեսակը սկզբում զարգացել է թույլ իմունիտետ ունեցող, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակված մարդու օրգանիզմում: ԱՀԿ-ում В.1.1.529 նոր շտամն անվանել են հունական «օմիկրոն» տառով: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: