Բաժիններ՝

Քարզայը բացատրել է, թե ինչու է թալիբներին Քաբուլ «հրավիրել» Ղանիի փախչելուց հետո

Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը խոստովանել է, որ օգոստոս ամսին «Թալիբան» շարժմանը երկրի մայրաքաղաք Քաբուլ էր «հրավիրել» Աշրաֆ Ղանիի փախչելուց հետո «բնակչությանը պաշտպանելու» համար։

«Դա խնդրանք էր (թալիբներին)՝ գալ եւ պաշտպանել բնակչությանը, որպեսզի երկիրը եւ քաղաքը չներքաշվեն քաոսի մեջ… «Թալիբան»-ի կառավարությունը եւ մենք՝ Աֆղանստանի բնակչությունը, պետք է անենք ամեն բան, ինչն անհրաժեշտ է երկրի սահմաններում»,-հայտարարել է Քարզայը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս