«ՊՆ-ին ներկայացրել ենք գրություն-առաջարկ՝ վերադարձնել ապրանքը, դրա դիմաց ընդունել նորը». Դավիթ Գալստյանի փաստաբան
168.am-ը զրուցել է Հայաստանի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) փաստաբան Արմեն Հարությունյանի հետ:
– Դուք դիմում-առաջարկ էիք ուղարկել դեռևս պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, որ պաշտպանական գերատեսչությունը պայմանագրային կարգավորումների շրջանակում դիրքորոշում հայտնի, օրինակ, հրաժարվի մատակարարված ապրանքից, կամ փոխի այն: Այնուհետ, որքանով տեղյակ ենք, նույն առաջարկ-դիմումը նաև գործող նախարարին եք ուղարկել՝ Սուրեն Պապիկյանին, ի՞նչ պատասխան է ստացվել, եթե ստացվել է: Առհասարակ, ի՞նչ դիրքորոշում ունի ՊՆ-ն պայմանագրային այս հարաբերությունների մասով:
– Այս գործով իրականում բավականին շատ է շահարկվում մատակարարված ապրանքների անորակ լինելու փաստը։ Չեմ ցանկանում կրկին անդրադառնալ նախաքննության մարմնի վարքագծին, որը որևէ կերպ ցանկություն չունի պարզել հրթիռների որակի հետ կապված խնդիրը։ Նման վարքագիծը մեզ համար կանխատեսելի էր։ Հենց այդ նպատակով էլ դեռևս 2021 թվականի սեպտեմբերին մատակարար ընկերությունը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և նկատի ունենալով, որ մատակարարը, վերջիվերջո, պատասխանատու է իր կողմից մատակարարված ապրանքի որակի համար, առաջարկել է որակի հետ կապված խնդիրների մասին գրավոր հայտնել մատակարարին, միաժամանակ հայտնելով պատրաստակամություն նման պարագայում իրականացնել իր պայմանագրային պարտավորությունները, օրինակ, փոխարինել ապրանքը պատշաճ ապրանքով։ Չստանալով որևէ պատասխան՝ 2021 թվականի նոյեմբերին կրկին նույնաբովանդակ դիմում է ներկայացվել՝ ուղղված նոր նախարար Սուրեն Պապիկյանին։
Այս դեպքում նույնպես որևէ պատասխան չկա։ 2021թ. դեկտեմբերին երրորդ գրությունն ենք ներկայացրել՝ այս անգամ ներկայացնելով կոնկրետ առաջարկ՝ վերադարձնել ապրանքը, դրա դիմաց ընդունել նորը։ Կարծում եմ՝ այս գրությունները նույնպես կմնան անպատասխան։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՊՆ-ն հասկանում է, որ այդ ապրանքը որակի հետ կապված խնդիր չունի, դրա պահանջարկը կա։ Այլ հետևություն չեմ կարողանում կատարել։ Մեծ հաշվով, նմանատիպ գործով նախաքննության առաջնահերթ նպատակներից մեկը պետք է լիներ ենթադրյալ վնասի վերականգնումը։
Այս պայմաններում չընդունելով ենթադրյալ հանցագործությանն առնչության փաստը, Դավիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել նախաքննության մարմնի տեսանկյունից խնդրահարույց ապրանքները հետ վերցնել՝ դրանք փոխարինելով այլ համարժեք ապրանքով, դրանով իսկ նախաքննության փուլում ապահովելով պետությանը պատճառված հնարավոր վնասը։ Մեզ համար զարմանալի է նման վարքագիծը։
– Տարբեր տեղեկություններ են ստացվում, որ բանակին և Հայաստանին զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, և, ըստ էության, նախապես կնքված պայմանագրերը Դավիթ Գալստյանի ընկերության հետ այսօր պատշաճ չեն կատարվում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ընդհանրապես զենքի մատակարարման խնդիրների մասին ես տեղեկություններ չունեմ, հուսով եմ, որ Ձեր տվյալներն այդքան էլ հավաստի չեն, քանի որ ցանկացած պարագայում պետությունը պետք է ապահովի իր համար անհրաժեշտ սպառազինություն։ Դավիթ Գալստյանը այս շղթայի մի օղակն է։ Ես չեմ համաձայնի Ձեզ հետ, որ Դավիթ Գալստյանի մատակարարումները չեն իրականացվում։ Դա այդպես չէ։ Սակայն առկա են լուրջ դժվարություններ, ինչը փորձ է արվում հաղթահարել ամեն գնով։
– Դավիթ Գալստյանը միշտ խուսափում է իր դեմ իրավական քայլերին, կալանքի ժամկետի երկարացման որոշմանը քաղաքական ենթատեքստ տալուց՝ տեղափոխելով այն զուտ բիզնես հարթություն: Դավիթ Գալստյանի անազատության մեջ գտնվելու պարագայում բիզնես ի՞նչ տեսակ իրավունքներ են ոտնահարվում, եթե կարելի է այդպես ասել:
– Ինչպես բազմիցս հայտարարվել է, Դավիթ Գալստյանը չի ցանկանում իր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդմանը որևէ դեպքում տալ քաղաքական բնույթ, մի պարզ պատճառով, որ նա քաղաքականությամբ չի զբաղվում, չունի նման մտադրություններ։ Սակայն հասկանում է նաև, որ իր նկատմամբ իրականացվածը հեռու է իրավական գործընթացներից։ Այստեղ կարող է լինել առանձին ուժերի, նույնիսկ անհատների անձնական նկրտումներ, որոնք, սակայն, վաղ թե ուշ բացահայտվելու են և ստանալու են համարժեք պատասխան։
– ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է կարողանա նաև ՆԱՏՕ-ի անդամ և ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք գնել, օրինակ՝ Շվեդիայից: Շատերի մոտ տպավորություն կա, որ Դավիթ Գալստյանը հին և խորհրդային զենքեր է Հայաստանին մատակարարել, թեպետ, նաև եվրոպական արտադրության զենքի մատակարարում է եղել: Օրինակ, շատ խոսվեց «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների մասին:
– Կասկած չկա, որ մեր պետությունը պետք է ձգտի ունենալ ժամանակակից զենք։ Բոլորի համար էլ պարզ է, որ միայն ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ են նաև համապատասխան հնարավորություններ։ Այո, այդ կարծրատիպը, թե Դավիթ Գալստյանը մատակարարել է միայն հին անորակ զենքեր, առկա է, և դրա ձևավորման մեջ բավականաչափ մեծ է նաև պաշտոնական աղբյուրներում տեղ գտած ապատեղեկատվության դերը։ Մեկ բան պարզ է՝ պահանջարկը Դավիթ Գալստյանը չի ձևավորում։ Գալստյանը մատակարարում է այն, ինչ պահանջվում է։ Մատակարարումներ է իրականացնում նաև եվրոպական երկրներից։