Արայիկ Հարությունյանը պետք է ներողություն խնդրի հազարավոր երեխաներից, եթե բավարար ներքին ամրություն ունի. Արամ Փախչանյան

ՀՀ քննչական կոմիտեն «Այբ» կրթական հիմնադրամի դեմ քրեական գործի վարույթը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։

Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ արդեն ձևավորվել էր կառավարությունը, և ակտիվորեն սկսել էին նախկինում ստեղծված և արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի դեմ անխնա պայքարը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամը «ԱՅԲ» դպրոցի հետ խառնած, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մեծ աղմուկ բարձրացրեց «ԱՅԲ»-ի շուրջ:

Հիշեցնենք, որ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հարգելիներս, այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակում «էլիտարիզացնել կրթությունը»»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, խոսելով Արայիկ Հարությունյանի հայտարարություններից հետո արձանագրված արդյունքի՝ հանցակազմի հիմքով կարճված քրգործի մասին, ասաց.

«Այս ողջ ընթացքում Արայիկ Հարությունյանը տարբեր թվեր է բարձրաձայնել ենթադրյալ չարաշահումների մասով՝ մեկ ասել է՝ 8 միլիոն, մեկ՝ 666 միլիոն դրամ, սակայն այդ բոլոր թվերը հորինված էին և իրականության հետ աղերս չունեն։ Սակայն այդ աղմուկը մեծ հարված հասցրեց Հայաստանի կրթությանը, որից որևէ մեկը չշահեց, փոխարենն այն հարվածեց հազարավոր այն երեխաներին, որոնք պետք է սովորեին աշխարհի շուրջ 150 բուհում ընդունված միջազգային ճանաչում ունեցող միակ հայալեզու ծրագրով՝ «Արարատյան բակալավրիատով»։ Եթե այդ աղմուկը չլիներ, մենք հիմա այդ ծրագրի շրջանակներում արդեն կունենայինք հարյուրավոր ուսուցիչներ ու հազարավոր երեխաներ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս գործընթացի ազդեցությունը կսկսեր փոխանցվել նաև այլ դպրոցների. կլինեին նաև այնպիսիք, որոնք կսկսեին հասկանալ, որ իրենց մոտ էլ երեխաները պետք է և կարող են սովորել «Արարատյան բակալավրիատ» ծրագրով։ Այս ամբողջ արդյունքը չեղավ հենց այդ հայտարարությունների պատճառով, ուստի հիմա մենք գիտենք Հայաստանի կրթությանն ամենամեծ վնաս հասցրած մարդու անուն-ազգանունը. ավելի մեծ վնաս երկրին ու կրթությանը դժվար էր հասցնել»,- ասաց Արամ Փախչանյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ այս երեք տարիների պայքարի արդյունքում, սակայն, արձանագրվել է նաև դրականը՝ «ԱՅԲ» դպրոցի, ինչպես նաև «Արարատյան բակալավրիատ» ծրագրի մասին սկսել են խոսել նաև, օրինակ, գյուղում ապրող տատիկները։

«Մենք այդ պայքարի մեջ նաև շատ ուժեղացանք, ձեռք բերեցինք նոր թափ ու գաղափարներ, միևնույն ժամանակ ազատվեցինք ծայրահեղ ծանր պատասխանատվությունից, որովհետև Արայիկ Հարությունյանը «ԱՅԲ»-ին ազատեց 4 տարի իրականացվող շատ դժվար մի ծրագրից, որը եզակի երևույթ էր Հայաստանում։ Այս ամեից «ԱՅԲ»-ը մի կարևոր դաս քաղեց, հասկացել ենք, որ, իհարկե, շարունակելու ենք համագործակցել պետության հետ, որը թույլ է ու ոչ արդյունավետ, սակայն մենք այլևս երբեք չենք կատարի պետական ծրագիր, կգործենք ինքնուրույն, առաջ կտանենք մեր նպատակները»,- ասաց Փախչանյանը։

Նրա փոխանցմամբ՝ թեև Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունից հետո կրթական ծրագրերում «ԱՅԲ» հիմնադրամի ներդրած գումարները պարզապես փոշիացվեցին, սակայն այդ հայտարարություններն ու երեք տարի շարունակաբար ընթացող իրավական գործընթացները հիմնադրամին նվիրատվություններ անող բարերարների մոտ որևէ նստվածք չեն թողել, քանզի բոլորի մոտ կա գիտակցում, որ կրթությունը պետք է լինի ապաքաղաքական։

«Կրթության շուրջ բոլոր ուժերի համախմբում պետք է լինի, ոչ թե պառակտում։ Տեր Մեսրոպին մեղադրել ու ազգի թշնամի դարձնելու այդ աբսուրդի աստիճանի մտածողությունը երբեք չպետք է մտնի կրթության ոլորտ։ Քաղաքականությունը պետք է հեռու պահել կրթությունից։ Իհարկե, չեմ կարծում, թե տեր Մեսրոպն ակնկալում է ներողություն, որովհետև չեմ կարծում, որ նա է տուժել, տուժել են մեր երեխաները. այս պատմության հիմնական հարվածը հասցվեց այն սերնդին, որը երազում էր սովորել այս ծրագրով։ Այդ երեխաներին զրկեցին իրենց երազանքից, ուստի, եթե Արայիկ Հարությունյանն ունի բավարար ներքին ամրություն, պետք է ոտքի կանգնի ու ներողություն խնդրի հենց այդ երեխաներից»,- ասաց Փախչանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս