Ավարտվել է համագյուղացուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի 31-ամյա բնակիչը 2021թ. օգոստոսի 9-ին կոյուղագծի հետ կապված աշխատանքների կատարման շուրջ վիճաբանել է հարևանությամբ բնակվող համագյուղացու հետ: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրը պարզաբանումներ ստանալու նպատակով, վերջիններս հանդիպել են «Կալեր» կոչվող հանդամասում, որտեղ հիշյալ հարցի շուրջ առաջացած ծեծկռտուքի ժամանակ 31-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցված դանակով մեկ անգամ հարվածել է համագյուղացու որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: