«Խմբակցության ներսում որևէ խնդիր չկար, Իշխան Զաքարյանը եղել ու  շարունակում է մնալ իմ ընկերը». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների տարաբնույթ հարցերի շրջանակում անդրադարձավ  նաև Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու թեմային։

«Խմբակցության ներսում որևէ խնդիր չկար, Իշխան Զաքարյանը եղել ու  շարունակում է մնալ իմ ընկերը և գործընկերը։ Այդպես ենք մենք ընկալում նրան, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացրել։ Նա իր հայտարարության մեջ բավականին մանրամասն խոսել է իր հեռանալու մասին, լրացուցիչ պարզաբանման ու վերընթերցման կարիք, կարծում եմ՝ չկա։ Կարծեմ՝ պարոն Զաքարյանը Մոսկվայում է, կվերադառնա, կարող եք ձեր հարցերն ուղղել, մենք իրեն վատ չենք վերաբերվում»,- շեշտեց նա։

Բնականաբար, չէր կարող անտեսվել երեկ տարածված՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հայ գերիների մասին:  Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում Իլհամ  Ալիևն ասել էր, թե գերիներին չի հանձնի  Հայաստանին, քանի որ մտավախություն ունի, որ վերադարձնելուց հետո նրանք Հայաստանում կարող են խոշտանգվել. «Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանց ձերբակալեցին։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների»։ Թագուհի Թովմասյանն անդրադառնալով այս հարցին, ասաց՝ սպասելի էր, որ Ադրբեջանը կօգտվի ՀՀ իշխանության բառապաշարից, որի մասին իրենք բազմիցս իշխանություններին զգուշացրել են։

«Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ, սրանից հետո, ես չգիտեմ, թե գործող իշխանությունն ինչ պետք է անի, որ այդ սխալը շտկի։ Բայց այն, որ ըստ էության ցուցաբերվել է պետական անգործություն՝ փաստ է։ Այս ամենը, իհարկե, կարող են մեր դեմ օգտագործել»,- շեշտեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս