«Կարծես թե Հայկ Մարությանն ինչ-որ պահի չի արել այն, ինչ ցանկացել է իշխող ուժը». Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախ անդրադարձավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորմանը։
«Ես ԱԺ նիստերի դահլիճում բարձրաձայնեցի Հայաստանում ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված խայտառակ վիճակի մասին։ Ակնհայտ քաղաքական ռեպրեսիաներ են սկսվել բոլոր այն քաղաքապետերի ու ավագանիների նկատմամբ, որոնք մերժում են ՔՊ-ի հետ ցանկացած համագործակցություն։ Բոլոր այն համայնքներում, որտեղ 50+ չի հավաքել ՔՊ-ն, բոլոր այդ համայնքներում ավագանիների վրա ակնհայտ ճնշումներ են։ Զարմանալի զուգադիպությամբ՝ բոլոր տիպի քրեական գործերի հարուցումը հիշել են հիմա և քրեական գործեր են հարուցում քաղաքապետերի, ավագանիների նկատմամբ։ Վերջին դեպքը Վանաձորն է, որտեղ պոտենցիալ քաղաքապետին կալանավորում են, և չի բացառվում, որ կգնան երկամսյա կալանքի, եթե այս տրամաբանությամբ շարունակվի։ Քիչ առաջ տեղեկացա, որ նրա տեղակալին են պատրաստվում ձերբակալել, այսինքն՝ ամեն ինչ անում են, որ ՔՊ-ի հետ ձայները նույնականանան»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Վարդենիսում քաղաքապետի թեկնածուն է կալանավորված, մյուս թեկնածուի կնոջն էլ գիշերով բերման էին ենթարկել։ Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ մերժում էր այս իշխանությունը, հերթով իրականացնում է և շատ ավելի վատ դրսևորումներով։
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելու համար ավագանու անդամների սկսած ստորագրահավաքին, Թագուհի Թովմասյանը լրագրողներին փոխանցեց իրեն հայտնի տեղեկությունը, որ ՔՊ կուսակցության և Հայկ Մարությանի միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժելու է Հայկ Մարությանին, որից հետո նա պետք է հեռանա։
«Կարծես թե այս պայմանավորվածության մեջ մի բան այն չէ, քանի որ ըստ խորհրդարանի կուլիսներում պտտվող խոսակցությունների՝ դա տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի և Հայկ Մարությանի միջև, ըստ երևույթին ինչ-որ բան խախտվել է, ՔՊ-ն սկսել է ռեպրեսիաներ քաղաքապետի նկատմամբ։ Ուզում եմ նաև հիշենք, որ Երևանի քաղաքապետն այն մարդն էր, որ Հայաստանում ատելության խոսքի հիմնադիրն է, ես չեմ կարող մոռանալ։ Որքան էլ հիմա հերոսացնեն Հայկ Մարությանին, ես որևէ կերպ չեմ կարող տեղավորվել այդ գաղափարի մեջ, որովհետև նա ՀՀ քաղաքական դաշտ ներմուծեց սևերի ու սպիտակների գաղափարը, որն ամենաանընդունելին էր։ Ես Հայկ Մարությանին չեմ համարում լավագույն քաղաքապետերից։
Կարծում եմ՝ իշխող ուժը հստակ ունի քաղաքական նպատակ, ով իրեն չի ենթարկվում այնպես, ինչպես իրենք են պատկերացնում կամ հլու-հնազանդ չեն, նրանք պետք է հեռանան։ Սա իշխող կուսակցության համար դարձել է գործունեության առանցք։ Կարծես թե Հայկ Մարությանն ինչ-որ պահի չի արել այն, ինչ ցանկացել է իշխող ուժը»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։