Բաժիններ՝

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ին հորդորել են ճանաչել իրենց եվրոպական հեռանկարը

Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ԵՄ-ին հորդորել են ճանաչել իրենց եվրոպական հեռանկարը: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի դիվանատան մամուլի ծառայությունը:

«Մենք ուղջունել ենք, որ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում հավանություն է տրվել տնտեսական եւ ներդրումային պլանին «Արեւելյան գործընկերության համար», որը կոնկրետ նախաձեռնություններ է բովանդակում գործընկեր երկրների համար… Մենք հաստատել ենք մեր ժողովուրդների ուժեղ կամքով ամրակայված մեր վճռականությունը՝ գործելու Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ մենք հորդորում ենք Եվրոպական միությանը՝ աջակցել մեր պետությունների սուվերեն ընտրությանը մեր կողմից կատարվող բոլոր այն քայլերով հանդերձ, որոնք մենք անում ենք եվրոպական ինտեգրացման ուղղությամբ, եւ ճանաչել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի Հանրապետության եվրոպական հեռանկարը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ: Նաեւ պետությունների ղեկավարները ԵՄ-ին կոչ են արել ուժեղացնել դերը «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում: «Մենք ընդունել ենք, որ «Արեւելյան գործընկերության» եւ Սեւծովյան տարածաշրջանում իրադրության դրամատիկ փոփոխությունները 2017 թվականին տեղի ունեցած «Արեւելյան գործընկերության» 5-րդ գագաթնաժողովից հետո, ներառյալ անվտանգությունը, էներգետիկան, առողջապահությունը եւ մյուս նոր մարտահրավերները, պետք էգործընկեր երկրների հետ համատեղ լուծվեն ԵՄ-ի հետ սերտ համագործակցությամբ:

Մենք ընդգծում ենք, որ «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանի բազմաթիվ մասերում մշտական անկայունությունը եւ միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը լուրջ սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը: Մենք ողջունել ենք ԵՄ-ի ակտիվ ջանքերը հակամարտությունների կարգավորման եւ վստահության ամրապնդման գործընթացների ուղղությամբ եւ կոչ ենք արել ուժեղացնել նրա դերը «Արեւելյան գործընկերության» տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու գործում՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները: Մենք կոչ ենք արել ԵՄ-ի ղեկավարներին՝ այդ հարցերը քննարկել 2021 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցող Եվրախորհրդի նիստում»,-նշվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս