
Ոստիկանները հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին

Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի ՄՎ, Հրազդանի ՈԲ և Մարտունու ՈԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկ Ղայրամանյանին վրաերթի ենթարկել և դեպքի վայրից փախուստի է դիմել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի 30-ամյա բնակիչը՝ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Նույն օրը, ժամը 20.00-ին, երիտասարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և ներկայացվել Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ավտոմեքենան տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ից 08.20-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանին, որը մահացել է: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի: