Նախագիծը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ առաջարկելու մասին է. Միքայել Մանրիկյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Այս մասին News.am-ին հայտնել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նախնական տվյալներով, 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։ Այլ մանրամասներ Արմեն Կոտոլյանը չի հայտնել։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ։

«Տեղեկացնում եմ, որ ես և գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, դեռևս չենք միացել նախաձեռնությանը։

Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը՝ կհայտնենք մեր տեսակետը»,- գրել է Դավիթ Խաժակյանը:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ 168.am-ին տեղեկացրեց, որ իրենք դեռևս նախագիծը չեն ստացել:

«Գիտեմ, թե նախագիծն ինչի մասին է, սակայն դեռ նախագիծը չեմ ստացել, կստանամ օրվա վերջ: Կնայեմ, կներկայացնեմ կուսակցության ղեկավարին, որից հետո կներկայացնենք մեր տեսակետը: Ընդհանուր առմամբ նախագիծը Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ առաջարկելու մասին է»,- մանրամասնեց Միքայել Մանրիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս