«Hayk Marutyan  ջան, հետդ եմ, քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա  Աբգարյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել  քաղաքապետ Հայկ Մարությանին.

«Hayk Marutyan  ջան, հետդ եմ:

Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:

Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:

Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:

Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:

Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:

Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Իհարկե, «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից ոչ բոլորն են կողմ, որ Հայկ Մարությանը դադարեցնի իր պաշտոնավարումը։

Դեկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթը Մարությանին մեղադրել էր «հեղափոխությանը դավաճանելու» մեջ գրել էր, թե  տեղեկություններ են շրջանառվում, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, իսկ այսօր էլ Մարությանի խոսնակը հերքեցին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Իշխանամերձ լրատվամիջոցները Փաշինյանի ընտանեկան թերթի վերոնշյալ հրապարակումից անմիջապես հետո սկսեցին հարձակում գործել իրենց երբեմնի թիմակցի` քաղաքապետի դեմ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նրան անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Իշխանամերձ այդ լրատվամիջոցներից մեկի տեղեկություններով էլ՝ վաղը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ` քննարկելու այդ հարցը:

Տեսանյութեր

Լրահոս