Զախարովան պատասխանել է Նազարբաևի առաջարկին առ այն, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ

Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ Այս մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկն առ այն, որ Ադրբեջանը կարող է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում։

«Թվում է՝ ցանկացած ձևաչափով Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը, տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը և տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքային լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Միևնույն ժամանակ, կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ միության փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է բոլոր անդամ երկրների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ հիմնվելով նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրության արդյունքների վրա»,- ասել է նա:

Դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) պատվավոր նախագահը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել էր, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում։

Տեսանյութեր

Լրահոս