Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց, ՀՀ գլխավոր դհոլչու ձեռագրի շարունակությունն է. փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Նարեկ Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Գործ ունեինք պրոֆեսիոնալ իրավաբանի հետ, բայց ցավոք սրտի այդ իրավաբանը չունեցավ անհրաժեշտ կամք, կեցվածք, որ մերժեր այս խայտառակությունը, այս անբարոյական միջնորդությունը»,- ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ հիշեցնելով, որ դեռևս մեկ տարի առաջ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանն արձանագրել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը։
«Սա ես կապում եմ ՀՀ գլխավոր դհոլչու ձեռագրի շարունակություն։ Եթե կարելի է գլխավոր դհոլչու մակարդակով կարելի է ՍԴ որոշումներ քննարկել, քննադատել, փնովել, կասկածի տակ առնել վերջնական դատական ակտերի իրավաչափությունը, ապա ինչու պետք է կաշկանդվեն իրավապահ համակարգի մյուս անդամները»,- նշեց Կոչուբաևը։
Բացի այդ՝ փաստաբանը հիշեցրեց, որ ԱԱԾ վարկածով ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելը որակվել է որպես կողոպուտ։ Փաստաբանը նշեց, որ հրաժարվում է հավատալ, որ դա իրավական գործընթաց է, սա քաղաքական մոտիվներով հետապնդում է։