Բաժիններ՝

Առաջ տաքսիների մինիմալը 600 դրամ էր, 3-4 կիլոմետրից արդեն սկսում էր փոխել գինը, իսկ հիմա 800-1000 դրամ է. «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ

Դեկտեմբերի 13-ին «Յանդեքս տաքսի» ծառայության վարորդները նույնպես կազմակերպության գրասենյակում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ղեկավարությունից պահանջելով վերականգնել «կիլոմետրը՝ 100 դրամ» սակագինը, որպեսզի «եթե մինչև Նուբարաշեն 19 կիլոմետր է, ապա դրա համար հաճախորդը վճարի 1900 դրամ, ոչ թե 1400, որից «Յանդեքս տաքսի» ընկերությունը 16 տոկոս միջնորդավճար է գանձում»։ Այլ կերպ ասած՝ վարորդները պահանջում են թանկացնել տաքսի ծառայության գինը։

«Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղլուկյանի խոսքով՝ այս պահանջի հետևանքով տաքսու ծառայությունները նորից կթանկանան, քանի որ արդեն իսկ թանկացում կա:

«Արդեն տաքսիները գներն ավտոմատ թանկացրել են վառելիքի պատճառով: Ես «Յանդեքս տաքսուն» միշտ եմ դեմ եղել, 100-ավոր միլիոնների եկամուտ է ստանում, նորմալ հարկ չի վճարում: Չգիտեմ, թե դա ումն է, որ արդեն որերորդ կառավարությունն է՝ այդ հարցը չի կարողանում լուծել: Ասում են՝ դե, վարորդները քիչ էին, դրա համար 1կմ-ի գինը բարձրացրեցինք: Հավասարությունը չի պաշտպանվում այս ոլորտում: Կարևորը՝ իրենց տոկոսը վերցնում են վարորդից: Առաջ տաքսիների մինիմալը 600 դրամ էր, 3-4 կիլոմետրից արդեն սկսում էր փոխել գինը, իսկ հիմա 800-1000 դրամ է: Այսինքն, եթե դուք տանում էիք 11 կմ, մինիմումը կազմում էր 1300-1400 դրամ: Երեկ վարորդներից մեկին, ով «Յանդեքս» տաքսի էր վարում, պատվեր եկավ՝ 12 կմ համար՝ 1000 դրամ: Պատկերացնո՞ւմ եք, այդ մարդը գոնե 1400-1500 դրամ պետք է վերցներ: Այս ի՞նչ մոտեցում է: «Յանդեքսն» էլ իր 7-8 տոկոսն է վերցնում, այս մարդուն մնում է 700-800 դրամ՝ 12 կմ վարելու դեպքում: Չկա սենց բան: Ես սրանց թվաբանությունը չեմ կարողանում հասկանալ»,- մեզ հետ զրույցում ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահը:

Նա նշեց՝ մեծ հաշվով վարորդն է տուժում՝ վարի «Յանդեքս տաքսի՞», թե՞ իր անձնական մեքենան:

«Պատկերացրեք, վարորդի վրա է նաև մեքենայի սպասարկումը, ապահովագրությունը: Տեսեք, թե անվադողերն ինչ գնով են վաճառում: Եթե անցած տարի 18․000-20․000 դրամ էր, այսօր 27․000-30․000 դրամ է: Մեքենան ունի 4 անիվ, ու մարդը 40.000 դրամ ավելի է վճարում, ու սրան տեր չկա, բայց կարևորը, հոծ գիծը տրորելու համար շատ արագ տուգանվում են»,- հավելեց Պողոս Օղլուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս