«Էյվազլի չէ, դա Որոտան գյուղն է, ի՞նչ Էյվազլի». Մխիթար Զաքարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը ստեղծել է կազմակերպված պետություն, արդյունավետ աշխատող պետական համակարգ և այդպես կանգնել է Հայաստանի առջև։ Հետևաբար, եթե այդ ամենի դեմ պայքարելու գործում մարդիկ իրենց հույսը դրել են գյուղացիների զինվածության և համայնքապետերի վրա, ապա ինստիտուցիոնալ առումով արդեն պարտված ենք։
«Այդ ամենին պետք է դիմակայի մեր Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, մնացած բոլորն իրենց ամբողջ գործողություններով պետք է նպաստեն։ Միայն այդ ժամանակ հնարավորություն կլինի արժանապատիվ դիմագրավել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթար Զաքարյանը։
Հարցին՝ Սյունիքում այն տարածքները, որոնք զբաղեցրել է թշնամին, համարո՞ւմ է հայկական, այդ թվում՝ «Էյվազլին», Մխիթար Զաքարյանը պատասխանեց. «Հույս ունեմ՝ ինձ վիրավորելու համար չեք այդ հարցը տալիս։ Էյվազլի չէ, դա Որոտան գյուղն է, ի՞նչ Էյվազլի։ Միանշանակ դրանք հայկական տարածքներ են, հույս ունենամ՝ այնքան կապրենք, որ նաև իրավաբանորեն կտեսնենք, որ դրանք հայկական տարածքներ են»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում գտնվող հայկական բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներն առաջին անգամ Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանն այս տարի օգոստոսին, ըստ նրա՝ «Սյունիրքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»: Այս հայտարարությունը դեռ այն ժամանակ իրարանցում էր առաջացրել:
Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսելուն, ինչը քննարկվել է նաև բրյուսելյան հանդիպումների ընթացքում, ապա Մխիթար Զաքարյանը նշեց, որ այսօր լավագույն ժամանակը չէ նման գործընթաց սկսելու համար։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին հարցին ի պատասխան էլ՝ Մխիթար Զաքարյանն ասաց, որ կան թեմաներ, որոնց խոսելու իրավունքը պետք է վաստակել, և բարոյական չէ, որպեսզի այսօր տեղից վեր կացողը խոսի առաջնագծում կանգնած տղաների մասին, որոնց մեջ, ցավոք, գերեվարվածներ կան։