Բլինկենը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում ՀՀ ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինկենը:
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել էր Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան: