Ադրբեջանը ստեղծել է նոր ռազմական կորպուս, իսկ մենք մերը կրճատել ենք մեկով, թեև պատերազմը չի ավարտվել. Ավետիք Չալաբյան

Թեև պատերազմը դեռևս չի ավարտվել, ու այն հիմա պարզապես շարունակվում է այլ եղանակով, Հայաստանի իշխանությունը կրճատել է մեր բանակային կորպուսների թիվը մեկով: Ադրբեջանն արել է ճիշտ հակառակը՝ ստեղծել է նոր 6-րդ ռազմական կորպուսը, որը տեղակայվել է Արցախի բռնազավթված տարածքներում, և հենց այդ կորպուսն է, որն անընդհատ գնդակոծում է հայկական դիրքերն ու գերի տանում հայ զինվորներին։

Արդյունքում ստացվել է այնպես, որ եթե մինչև պատերազմը Հայաստանն ուներ 5 բանակային կորպուս, հիմա ունի 4-ը, սրան զուգահեռ՝ Արցախի Պաշտպանության բանակի թվակազմն է կրճատվել, իսկ Ադրբեջանն ունի 6 բանակային կորպուս՝ ավելի շատ թվակազմով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով պատերազմից հետո բանակաշինության գործում արված աշխատանքներին և այդ ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությանը.

«Իմ շփումներն իշխանության նախկին ներկայացուցիչների հետ, անձնական զրույցներով բացահայտվածն ու փաստական որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունը չի հավատում, որ կարող է Հայաստանը ռազմական ուժով դիմագրավել Ադրբեջանին, ուստի իմաստ էլ չի տեսնում բանակի վրա հատուկ ջանք դնել»։

Չալաբյանի փոխանցմամբ՝ բանակի վրա հատուկ ջանք չգործադրելու ցուցիչ է այն, որ, օրինակ, բանակի բարեփոխման մասին խոսող իշխանության արդեն նախկին անդամ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը թեև հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հայրենական ռազմարդյունաբերական ընկերություններից ձեռք բերել և՛ պատրաստի սարքավորումներ, և՛ կիսապատրաստները՝ այդ կերպ թույլ տալով տեղական արտադրողին զարգանալ, սակայն այդ հայտարարությունը ստեղծել է նոր անորոշություններ: Ըստ մեր զրուցակցի՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանի այդ հայտարարությունից հետո մի քանի ընկերություն Պաշտպանության նախարարության հետ ռազմական սարքավորումների մատակարարման պայմանագրեր կնքեցին, սակայն Կարապետյանը հեռացավ, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինող Սուրեն Պապիկյանից այդ թեմայով հստակ ուղերձ չկա: Այսօր պայմանագրեր կնքած մատակակարար կազմակերպությունները հիմա կանգնել են փաստի առաջ ու չգիտեն՝ ծրագրերը դադարեցվելո՞ւ են, թե՞ ոչ։

«Փոխարենը, սակայն, Պաշտպանության նախարարությունը Ռուսաստանից ձեռք է բերել մարտական Մի 8 ուղղաթիռներ, որոնք մեծ մարտական խնդիր չեն կարողանում լուծել։ Ժամանակակից մարտադաշտում ուղղաթիռների էֆեկտիվությունը ցածր է, որովհետև ժամանակակից ՀՕՊ միջոցները հեշտությամբ են դրանք խոցում, և պատահական չէ, որ Արցախի վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը պրակտիկորեն դրանք չկիրառեց։ Հայաստանի ՊՆ-ն մի քանիսը ձեռք է բերել ու հայտարարում է նաև նորերի ձեռք բերման մասին, և դա՝ այն դեպքում, երբ մեկ ուղղաթիռն արժե մի քանի միլիոն դոլար, որի դիմաց Հայաստանում կարելի էր գնել հայրենական արտադրության 100 հատ հետախուզական, 200՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ես ուզում եմ հասկանալ, թե մենք ինչո՞ւ ենք Ռուսաստանից գնում օժանդակ սարքավորում, որն անմիջական մարտական նշանակություն չունի հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պահեստներում գտնվող ու արդեն փոշոտվողի փոխարեն»,- ասաց Չալաբյանը՝ ռազմական հաշվեկշռի վերականգնման անհրաժեշտությանը զուգահեռ դիտարկելով նաև բանակը կադրային արագ փոփոխություններից զերծ պահելը։

«Մեզ հիմա պետք են զինվորականներ, որոնք գիտեն՝ ինչպես ստեղծել մոբիլ ստորաբաժանումներ։ Մենք այդպիսի զինվորականներ ունենք, խնդիրը պարզապես նրանում է, որ այդ մարդիկ գործի մեջ չեն, որովհետև բանակը գլխատվել է այս իշխանությունների կողմից, և այս իշխանության հրաժարականը պահանջող զինվորականների մեծ մասը բանակից հեռացվել է։ Ավելին, բանակից հեռանում են նաև միջին սպայական կազմի անդամներ։ Այն դեպքում, երբ երեք ամիսը մեկ Պաշտպանության նախարար է փոխվում, այս ամբողջ քաոսը բանակը կազմաքանդում է, մինչդեռ մեզ պետք է բարեփոխիչների թիմ, որովհետև մեր երկրում քաղաքական իշխանությունը գտնվում է մարդկանց ձեռքում, որոնք բարեփոխումների մասին միայն խոսում են»,- ասաց ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիրը՝ ընդգծելով բարեփոխված բանակ ունենալու մի քանի եղանակ։

«Կա՛մ այս իշխանությունը պետք է հրաժարվի բանակով զբաղվելուց ու այն վստահի պրոֆեսիոնալներին, իսկ այդ դեպքում բանակ պետք է վերադարձնել այն մարդկանց, որոնց այս իշխանությունը դուրս է մղել այդտեղից, որովհետև նրանք ոչ միայն լավ կռվողներ են, այլ նաև լավ մարտական տեխնոլոգներ։ Երկրորդ տարբերակով այս իշխանությունը պետք է ասի՝ կներեք, չեմ կարողանում բանակով զբաղվել, որքան զբաղվում եմ, ավելի վատ է լինում, ու հրաժարական պետք է տա»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով՝ իշխանությունը ոչ միայն չի բարեփոխում բանակը, այլ նաև դիվանագիտական դաշտում ունեցած հաղթաթղթերն են փոշիացնում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս