«Երևի մեր վարչապետը մոռացել է, որ իր համար մեքենաների տակն էինք պառկում․ սխալ կայանման համար 3 անչափահասի հոր են կալանավորել»․ բողոքի ակցիա

Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պնդմամբ՝ պարեկային ծառայության աշխատակիցները ավտոմեքենայի սխալ կայանման համար նկատողություն են արել երիտասարդ տղամարդու, վերջինս ընդունել է իր սխալը, ապա ասել, որ 5 րոպեից մեքենան դուրս կբերի նշված հատվածից, քանի որ մարդու է սպասում, դրանից հետո ծեծկռտուք է սկսվել երիտասարդի և պարեկների միջև։

«Իմ տղեն մեքենայից իջել է, ասել է՝ մեքենան տարեք, չեն համաձայնվել, բիրտ ուժ են կիրառել, իմ տղան ուժ չի կիրառել, միայն պաշտպանվել է, երբ իրեն խփել է պարեկը։ Հիմա որոշում են կայացրել, որ 3 անչափահաս երեխայի հորը նստացնեն, կալանավորեն․․․ Ես պահանջում եմ արդարություն, մենք սրա համար էինք պայքարե՞լ, որպեսզի անմեղ մարդիկ գնան նստեն, ինչի՞ համար, ընդամենը սխալ կայանելու համար։ Հանցագործներն այսօր փողոցներով ման են գալիս, արդար, աշխատող մարդիկ պիտի գնան նստեն, էս երկրի մեջ էլ ապրել կարելի՞ է․․․»,- լրագրողների հետ զրույցում ասաց երիտասարդ տղամարդու՝ Սերգեյ Շաքարյանի մայրը։

Քաղաքացիների պնդմամբ՝ պարեկային աշխատողը սխալ ցուցմունք է տվել, ինչն իրենք ապացուցել են դեպքի վայրի տեսախցիկներից հանված տեսանյութերով։ Ասում են՝ 2 անգամ դատարանն արդարացրել է Սերգեյին, սակայն այսօր դատավոր Տիգրան Սիմոնյանը նրան կալանավորելու որոշում է կայացրել․

«Առանց նյութերը քննելու որոշում է կայացրել՝ կալանավորում։ 2 դատ հաղթել ենք, պետք է դատավարություն լիներ՝ քննություն, բայց կալանավորում չպետք է լիներ, 2 ամիս ազատության մեջ պետք է մնար, բայց կալանավորեցին․․․»։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ այս պահին Կառավարությունից պաշտոնյաներ են մոտեցել իրենց և կալանավորված երիտասարդ տղամարդու հորը և փաստաբանին հրավիրել են ներս․

«Թող քննություն լինի, մենք դեմ չենք քննությանը, բայց կալանքի տակ չվերցնեն, ինքը ոչ մարդասպան ա, ոչ հանցագործ։ Սխալ կայանելու համար մարդուն 2 ամիս կալանքի տակ վերցնեն՝ մինչև դատը լինի՞, նման բան լսե՞լ եք»։

Կառավարության շենքից դուրս գալով՝ երիտասարդի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրեն փոխանցել են, որ Կառավարությունն ի վիճակի չէ այդ հարցը լուծել․

«Ասացին՝ մեր կառավարությունը, մենք իրավունք չունենք դատական համակարգին․․․ Ես էլ իրենց ասացի՝ դուք իրավունք չունեք դատական համակարգին ստիպելու, դուք ունեք ոստիկանապետ, որը ենթարկվում է վարչապետին, թող ինքն իր ոստիկանապետին ասի՝ էս ի՞նչ ես անում, քո քննիչները, քո միլիցեքը, քո քյալամ հավաքող պարեկները, որ բերել գցել ես, որ հարցաքննում են, ասում է՝ քյալամ էի հավաքում, դրանից է ձեռքերս սենց եղել, դու բերել լցրել ես, որ ժողովրդին մի հատ սխալ կայանման համար կալանավորո՞ւմ ես․․․ Ես այս հարցը սենց չեմ թողնելու մնա, բոլոր նյութերը կտարածեմ ու կապացուցեմ, որ ոչ ոստիկանապետ գոյություն ունի, ոչ վարչապետ, ոչ էլ երկիր․․․ Բա մի հատ 2-րդ գիծ կանգնելու համար բռնես դատես, տանես կոխես բերդ, երևի մեր վարչապետը մոռացել է, որ մեքենաների տակն էինք պառկում իրա ընտրություններին, ինչի՞ չէին տանում մեզ կոխեին բերդ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս