Ինչո՞վ կավարտվի Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան վոյաժը. Խաղաղության համաձայնագի՞ր, թե՞ հումանիտար հարցերի լուծում

Մինչ տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ենթակառուցվածքային նոր քարտեզ է գծվում, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության նոր ձևաչափեր են ձևավորվում Թուրքիայի և Ռուսաստանի հովանու ներքո, Փաշինյանն ու Ալիևը հետպատերազմյան երրորդ դեմ առ դեմ հանդիպման նպատակով պատրաստվում են մեկնել Բրյուսել:

Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելով ավելի վաղ ունեցած քննարկումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կազմակերպման շուրջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում: Ըստ ԵԽ պաշտոնական հաղորդագրության, «երկու երկրների առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և տարաձայնությունները հարթելու ճանապարհները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը»:

Նույն այդ շփման շրջանակում հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնել էին պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ հաղորդակցության գիծ հաստատել, որը կծառայի՝ որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ: Սրան հաջորդեց նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը, որի արդյունքներով եռակողմ փաստաթուղթ ընդունվեց: Այդ հանդիպումից հետո տրված մամուլի համար հայտարարության ընթացքում ՌԴ նախագահը ողջունեց Բրյուսելում կայանալիք հանդիպումը, դա դիտարկելով՝ որպես սկսված քննարկումների շարունակություն:

Զուգահեռաբար նկատվում է նաև այն, որ Բրյուսելն աշխատում է ոչ միայն կողմերի, այլև Մոսկվայի հետ. Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներին նախորդել էր Միշելի զանգը Պուտինին, և հաղորդագրությունների համաձայն, Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը ներկայացրել էր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին և 2021թ․ հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների կենսագործման ուղղությամբ, ներառյալ նաև խաղաղ կյանքի հաստատումը, հարավկովկասյան տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը։

Հարկ է հիշեցնել, որ Բրյուսելյան հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների դեկտեմբերի սկզբին կրկին եվրոպական հովանու ներքո նախատեսվող հանդիպման տապալումից հետո: Ստոկհոլմյան տապալումից անմիջապես հետո Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարություն տարածեցին, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսման օգտին հանդես գալով, ինչպես նաև հորդորելով հնարավորինս արագ հյուրընկալել համանախագահներին տարածաշրջանում՝ հնարավորություն տալով վերջիններիս տեղում գնահատել իրավիճակը: Համանախագահները կոչ են անում նաև կատարել եռակողմ փաստաթղթերի դրույթները, կոչ են անում կատարել մարդասիրական բնույթի հանձնառությունները: Ուշագրավն այն է, որ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի հարցի լուծման անհրաժեշտության, գերիների վերաբերյալ։ Ավելորդ է նույնիսկ նշել, որ համանախագահները չեն անդրադառնում ՀՀ սահմանի խախտմանը և Ադրբեջանի կողմից սադրանքներին, որոնք նոյեմբերի կեսին հանգեցրին լոկալ մարտական գործողությունների:

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս խոսելով Բրյուսելում կայանալիք բարձրաստիճան հանդիպման մասին, ասել է. «Հուսով ենք, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, կվերահաստատեն հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը կվերահաստատվի… Այս փուլում նրա գործունեությունը կենտրոնացած է առաջնահերթ հումանիտար բնույթի խնդիրների լուծման վրա»։
Երևանն ու Բաքուն ևս ԵԱՀԿ Մինսկի խմբին տեսնում են հումանիտար բնույթի խնդիրների քննարկման կոնտեքստում: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը վերջերս «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ «Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են»,- նշել էր Միրզոյանը՝ որևէ կերպ չմատնանշելով այս փուլում Արցախի կարգավիճակի հարցի ճշգրտման անհրաժեշտության մասին:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Արևմուտքի միջամտությունը և նման մակարդակով հանդիպման նախաձեռնությունը կարծես արհեստական գործողություն է, քանի որ Արևմուտքը չունի օրակարգ, ըստ էության չի ունենալու օրակարգ ապագայում ևս, բայց ցանկանում է ունենալ օրակարգ քաղաքական ազդեցության համար: Նրա խոսքով, դրանում իր էական դերն ունի նաև Մոսկվան, որը համագործակցելով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիական և ամերիկյան համանախագահությունների, ինչպես նաև կողմերի հետ, դեռ կարողանում է կառավարել, ուղղորդել գործընթացը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում:

«Սակայն իրավիճակի մենեջմենթը կարող է նաև վտանգվել, քանի որ Արևմուտքն աշխատում է կողմերի հետ, չի բացառվում, որ կողմերի ցանկությամբ եռակողմ պայմանավորվածությունները վտանգվեն, և այդ հարցում ավելի էական է Ադրբեջանի դիրքորոշումը, թեև տեսնում ենք, որ Ադրբեջանը չի ցանկանում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, սակայն չի բացառում հաղորդակցությունն այս հարցերով Արևմուտքի հետ: Ադրբեջանն ավելի հակված է հարցերը քննարկել տարածաշրջանային ձևաչափերում: Ներկայումս, կարծես, Երևանի համար ևս կարգավորման քաղաքական հարցերը երկրորդ պլան են մղվել, ո՞րն է դրա մոտիվը՝ դեռ վաղ է ասել: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ, հասկանալով այդ թևում գործընթացի անարդյունավետությունը, կողմերը գնում են Բրյուսել, քանի որ Արևմուտքը ևս կարևոր գործընկեր է»,- ասաց Լուկիանովը:
Նա այն կարծիքին է, որ Խաղաղության համաձայնագիր և մնացած բոլոր կարևոր որոշումները տրամաբանորեն քննարկվելու են Մոսկվայի միջնորդությամբ:

Իսկ եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն այն կարծիքին է, որ նման բարդ փուլում, երբ յուրաքանչյուր հարցի կարգավորում ձգձգվում է, բարձրաստիճան հանդիպումները միայն օգտակար կարող են լինել, հատկապես, երբ կազմակերպված են եվրոպական կողմից, որը լիովին չեզոք միջնորդ է:

«ԵՄ-ն ցանկանում է իրականացնել ԵԱՀԿ ՄԽ գործառույթ, քանի որ այդ հարթակն այլևս փաստացիորեն չի կարողանում աշխատել: ԵՄ-ի մոտեցումն է՝ նախադրյալներ ստեղծել ԵԱՀԿ ՄԽ գործունեության համար, ինչպես նաև կողմերի մոտեցումները մոտեցնել, ինչպես նաև դեմ առ դեմ հանդիպման ընթացքում հասկանալ, թե ինչ է կատարվում կողմերի միջև ներկայումս, ո՛ր հարցերն են առաջնահերթ, որոնք՝ ոչ այդքան, և ինչ ճանապարհային քարտեզով են կողմերն առաջ շարժվում: Կարծում եմ՝ ԵՄ-ի համար հետաքրքիր է հասկանալ՝ ինչ փուլում է սահմանների դեմարկացիայի հարցը, ինչպես նաև ապաշրջափակման բանակցությունները, կողմերը ինչ մտահոգություններ ունեն: Ի վերջո, նոյեմբերին եղավ սահմանային իրավիճակի սրում, քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր կան, այդ թվում՝ հումանիտար խնդիրները: Սակայն, վստահաբար, Բրյուսելը միայն հումանիտար հարցեր չի շոշափելու, հավակնությունները շատ ավելի քաղաքական են, և դա, կարծում եմ՝ գործընթացի բոլոր մասնակիցներին հայտնի է: Հանդիպումը կարող է ունենալ որոշ հումանիտար արդյունքներ, իսկ քաղաքականը բարդ է ասել, քանի որ հրապարակայնորեն կողմերը խուսափում են խոսել քաղաքականից ՌԴ դիրքորոշման պատճառով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը: Սակայն, ըստ նրա, ակնկալել մեծ արդյունքներ Բրյուսելում կայանալիք հանդիպումից պետք չէ, քանի որ Բրյուսելի դիրքերը դեռ չափազանց թույլ են:

Տեսանյութեր

Լրահոս