Ցավոք, Թուրքիայի կողմից ոչ թե դրական քայլ ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ. Արա Այվազյան
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն այսօր լրագրողների հետ կարճ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն լինի, միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները, և շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է։ Հույս ունեմ, որ սա ևս մի հերթական հանդիպում է, որը կարող է որոշակի առաջընթաց արձանագրել, հատկապես՝ հումանիտար հարցերի վերաբերյալ։ Քանի որ ես պաշտոնի չեմ, ավելի մանրամասն տեղեկություն չեմ կարող փոխանցել ձեզ»,- նշեց Արա Այվազյանը։
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որ Հայստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, հատուկ ներկայացուցիչ կնշանակվի, Արա Այվազյանը հիշելով և հիշեցնելով հայտնի դասական ֆիլմը, մեջբերեց մի հատված՝ բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ՝ ավելի սերտ։
«Բնականաբար բոլոր ժամանակներում եղել է ձգտում, առնվազն Հայաստանի կողմից, առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավականին երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Անշուշ,տ պետք է դիտարկել նորմալ պայմանները և այսօրվա Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմի մեջ, նաև հնչեցվող նոր նախապայմանները Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար, շատ կարևոր է, որպեսզի ԱԳՆ-ի մեր գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց 3+2-ին, ես հուսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,- ընդգծեց նա։
Նա նաև նկատեց՝ երբ զբաղեցնում էր Արտգործնախարարի պաշտոնը, Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ ասում էր, որ խոսքեր լսելու ժամանակն արդեն անցել է, և պաշտոնական Անկարայից սպասում էին դրական քայլերի։
«Ցավոք, մենք Թուրքիայի կողմից ոչ թե դրական քայլ ենք տեսնում, այլ շարունակական պահանջներ և ոչ բարիդրացիական հարաբերություններին բնորոշ քայլեր։ Այդ պատճառով, ես բավականին տարակուսած եմ և կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում այս 3+2 ֆորմատը»,- նշեց ՀՀ արտաքին գերատեսչության նախկին ղեկավարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում