Ոչ ոք չգիտի՝ փակ դռների հետևում ի՞նչ է խոսում, ի՞նչ է խոստանում. Կարինե Աճեմյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ 2021թվականը հայերի համար ամոթի, խայտառակության և պարտության տարի է եղել և այդպիսին էլ մնալու է պատմության մեջ:
«Որովհետև մենք չգիտենք նմանատիպ դեպք, երբ այդպիսի իրավիճակներից հետո որևէ ղեկավար մնա, շարունակի գործել, և ընդդիմության բոլոր ջանքերը՝ ուղղված, որ հեռացնենք նրան այդ պաշտոնից և կարողանանք որևէ ձևով կանգնեցնել այս պրոցեսը, ավարտվեցին արտահերթ ընտրություններով, որը չբավարարեց այս կողմին:
Ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն երբևէ, նաև այս 3.5 տարիների ընթացքում իշխանության չի տենչում: Պարզապես ուզում ենք կանգնեցնել այս պրոցեսը:
Իսկ այն, որ սա մտածված, համակարգված, տարիներ շարունակ պլանավորված գործընթաց է՝ նկատի ունեմ և՛ Արցախի հանձնումը, և՛ հիմա ՀՀ վիճակը: Այս պրոցեսը շարունակական է լինելու, և միամիտ մարդիկ թող չլինեն ու չմտածեն, որ սա էլ արեց՝ գնալու է: Չի գնալու այս մարդը: Մոռացե՛ք: Ես ուզում եմ հասկանալ, որ որևէ պրոցես իրեն չի կանգնեցնելու, որովհետև այս պրոցեսն իր համար ընդունելի է, վերջերս էլ ասաց, որ Արցախի հարցում լուծումը դա անկախացումը չէ: Երևի թե Ադրբեջանի կազմում է տեսնում, եթե ՌԴ հստակ քայլերը չլինեին՝ մենք Ստեփանակերտն էլ կկորցնեինք, և այն փոքր հատվածը, որը դեռևս մերն է»:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի կարծիքով՝ ժողովրդի մի մասը չի գիտակցում արհավիրքի հետևանքները:
«Ցավոք, ընդդիմությունն այդքան համակարգված և հետևողական չէ իր գործողություններում, ինչպիսի հետևողականությամբ ինքն իր առջև դրած խնդիրը կատարում է: Այն, ինչ աստիճանաբար ամեն օր կորցնում ենք՝ կարծում եմ, որ հետ բերելը շատ դժվար է լինելու: Բրյուսելում այսօր հանդիպում է լինելու.ոչ ոք չգիտի՝ փակ դռների հետևում ի՞նչ է խոսում, ի՞նչ է խոստանում»,-նշեց Կարինե Աճեմյանը:
Ինչ վերաբերում է հանրության հետ խոսելուն և նրանց հետ բացատրական աշխատանք տանելուն, ապա Կարինե Աճեմյանի մեկնաբանությամբ.
«Քաղաքական գործիչներ կան, ովքեր ուզում են ավելի սուր բան ասել, և քաղաքական լեքսիկոնը սարսափելի ընկել է այդ իմաստով, պարզապես լեզվամտածողության խնդիրներ արդեն ունենք. հայհոյանք, անեծք, իսկ այս պարագայում կարծում եմ՝ գրագետ, նորմալ խոսքն առանձնապես տեղ չի հասնում: Նաև հասկանում եմ, որ այնուամենայնիվ, դրա կարիքը երևի թե կա՝ մարդկանց հետ պետք է խոսել, որովհետև այնպիսի ջրբաժանի, արհավիրքի դիմաց ենք կանգնած, որը հետագայում ուղղել դժվար է լինելու»,- ասաց քաղաքական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում