Կրթության տեսչության պետի տեղակալը լծված է Չեխովի դպրոցում իր աղջկան տնօրեն նշանակելու գործին
Տևական ժամանակ է, ինչ Երևանի Ա. Չեխովի անվան N 55-րդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնատեղի համար իրականացվում է մրցույթ, սակայն տնօրենի ընտրության գործող կարգի անտրամաբանական կարգավորումներով
պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չի ճանաչվում:
2021 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը, որին մասնակցել են 3 հավակնորդներ՝ Գայանե Սարուխանյանը (ով դպրոցը ղեկավարում է 1994 թվականից առ այսօր), Տաթևիկ Մելքոնյանը (ով Կրթական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի աղջիկն է և դպրոցի տնօրենի տեղակալն է ուսումնական աշխատանքների գծով) և ՀՊՏՀ-ի դասախոս Դիաննա Մինասյանը:
Բաց քվեարկության արդյունքում Տաթևիկ Մելքոնյանը ստացել է 1 ձայն, Դիաննա Մինասյանը՝ 3 ձայն, իսկ 27 տարի աշխատած տնօրեն Գայանե Սարուխանյանը՝ 4 ձայն, ինչի արդյունքում նա տնօրեն չի ընտրվել:
Փոխտնօրեն Տաթևիկ Մելքոնյանը տևական ժամանակ է՝ արձակուրդում է, քանի որ ընտրական գործընթացին նրա մասնակցելու փաստը ուսուցչական անձնակազմը շատ վատ է ընդունել: Ուսուցիչները տարակուսած են, թե ինչպես կարող է Տաթևիկը ղեկավարել ավանդույթներով լի դպրոցը. նա թեև 2004 թվականից դպրոցում է աշխատում, ներկայումս էլ դպրոցի տնօրենի տեղակալն է, բայց ընտրությանը մասնակցելով՝ ընդամենը 1 ձայն է ստացել, այսինքն՝ նա չունի համապատասխան ընկալում ուսուցչական կոլեկտիվի կողմից:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Տաթևիկ Մելքոնյանը Կրթական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի դուստրն է, ով բոլոր հնարավոր տարբերակներով փորձում է իր աղջկա գործերը դասավորել: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների՝ այդ գործին է միացել և նրա լոբինգով է զբաղված ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և քանի որ դպրոցը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, փորձում է ազդել քաղաքային իշխանության վրա, որպեսզի քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակի Տաթևիկ Մելքոնյանին:
Գործող տնօրենի ժամկետն ավարտվում է 15.12.2021 թվականին, այսինքն՝ 2 օր անց ըստ կարգի Երևանի քաղաքապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակի:
Ըստ լուրերի՝ Ռաիսա Գալստյանը, օգտվելով իր լիազորություններից, ստուգումներ է բացել դպրոցում և այդ ճանապարհով փորձում է ազդել ընտրական և նշանակման գործընթացի վրա:
Ստուգումների արդյուքները նախորդ շաբաթ ամփոփվել են և ներկայացվել վերադասության կարգով: