Արցախում կայացավ «Ազգային ինքնություն և ընտրանի» գիտաժողովի երկրորդ փուլը
Արցախում՝ Գանձասարի մատենադարանում, դեկտեմբերի 11-ին կայացավ «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Ազգային ինքնություն և ընտրանի» երկրորդ համաժողովը, որի նպատակն է՝ ձևավորել ազգային ակադեմիական այնպիսի համայնք, որն առաջ կբերի մի շարք կարևոր օրակարգեր, ինչպիսիք են պետականության պահպանումն ու դրա ամրապնդումը։
Համաժողովի հիմնական թեման էր՝ «Ժողովրդագրական իրավիճակն Արցախում․ խնդիրներ և լուծումներ»։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Արցախի քաղաքական, կրթական, գիտական, մշակութային գործիչներ։
Ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վանահայր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արմեն Խաչիկյանը, Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ԱՄՆ արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանը։
Միջոցառման կազմակերպիչ, «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի խոսքով, նպատակն Արցախի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական քաղաքականությանն աջակցելն է․
«Մենք փորձել ենք այս նախաձեռնության շրջանակում պարզապես հասկանալ՝ ինչպես, ինչպիսի ծրագրերով, պետական քաղաքականության ինչպիսի հայեցակետերով պետք է նպաստել Արցախում ժողովրդագրության բարելավմանն ու Արցախի հայապահպանությանը»։
«5165» շարժման համահիմնադիր, «Ազգային ինքնություն և ընտրանի» միջոցառման նախաձեռնող Արման Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել, առաջին համաժողովը նախորդ ամիս Երևանում էր անցկացվել՝ Մատենադարանում․
«Մենք ընտրել ենք Արցախը, Գանձասարը, քանի որ սա մեր ամենացավալի տեղերից մեկն է։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ դարեր շարունակ մենք այս հողի վրա ապրել ենք, և այս սրբավայրը կայուն է ի շնորհիվ այն մարդկանց, որոնք չեն հուսահատվել և պահել են այս հողը։ Ուզում ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներին ցույց տալ, որ Արցախը կա, Արցախը միշտ լինելու է, և պետք է գալ Արցախ․․․»։
Քաղաքագետ Թևան Պողոսյանն իր հերթին ընդգծեց՝ միջոցառման գլխավոր նպատակն այն է, որ Արցախի և Հայաստանի տարբեր ոլորտների մասնագետների միջև բաց և անկաշկանդ երկխոսության արդյունքում նոր գաղափարներ են ծնվում․
«Հուսով եմ, որ Արցախի իշխանություններն ուշադիր կլինեն, կհետևեն և ապագա ծրագրերում կներգրավեն այս գաղափարները։ Հուսամ, որ սա ընդամենը սկիզբն է, և այս ազգային արժեքների վրա հիմնված գաղափարի շարունակությունը սկիզբ կդառնա, որոնցով ոչ թե պարզապես կփորձենք կրկնօրինակել ինչ-որ անհասկանալի ռեֆորմներ, այլ մեր սեփական ազգային արժեքների վրա հիմնված քաղաքականություն մշակվի, որը կնպաստի Արցախի Հանրապետության զարգացմանը»։
Համաժողովում եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։