Արմեն Սարգսյանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանին ողջունել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Կատարի հայոց թեմի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Պողոս վարդապետ Թինքճյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-կատարական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշելով, որ Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատունը բացվել է Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին և ասել, որ դա բարեկամության առանձնահատուկ քայլ է։ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն»,- ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով իր աշխատանքային այցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս այցելության ընթացքում հանդիպեցի էմիրին, Էմիր հորը, շեյխուհի Մոզային և այլ պաշտոնատար անձանց: Նրանք կրկին հաստատեցին իրենց ջերմ վերաբերմունքը մեր պետության և ժողովրդի նկատմամբ ու համագործակցելու պատրաստակամությունը:

Այդ համագործակցությունը տարբեր ուղղություններով ենք ենթադրում, նախ և առաջ՝ մշակույթի և կրթության ոլորտում: Խոսքը «Կատարի հիմնադրամի» մասին է: Հիմնադրամի և շեյխուհի Մոզայի հետ մասնավորապես խոսեցինք ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական համակարգերի ու ստարտափերի համագործակցության մասին: Շեյխուհի Մոզան տարիներ առաջ մեկ օրով Հայաստանում է եղել, շատ տպավորված է և մտադիր է վերստին այցելել։

Կան ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստան-Կատար տնտեսական հարաբերություններին: Դրանք կարող են լինել, օրինակ, զբոսաշրջային ոլորտում, որտեղ Կատարը հսկայական ներուժ ունի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ցավոք սրտի, այդ ներուժը ևս իրացված չէ: Հայաստանում զբոսաշրջությունը սկզբունքորեն կարող է մի քանի անգամ մեծանալ, և դա կարող է հսկայական ներդրում բերել մեր երկրին: Էական է նաև համագործակցությունն արդեն պետական մակարդակով ինստիտուտների միջև՝ էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Շատ էական եմ համարում Կատարի պետական ինստիտուտների, Qatar Investment Authority-ի հետաքրքրությունը և ուշադրությունը Հայաստանի հանդեպ որպես ներդրումային երկիր:

Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել ոչ միայն այս երկիր, այլև ԱՄԷ, իսկ վերջերս առաջին անգամ ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Սաուդյան Արաբիա՝ երկիր, որի հետ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Եվ ես ուրախ եմ ասել, որ այդ այցելությամբ և իմ հանդիպումներով արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերություններ ստեղծվեցին: Այնտեղ էլ նույն ջերմ վերաբերմունքը տեսա: 30 տարի դիվանագիտական հարաբերություն չունենք, իսկ երկրի ղեկավարն ամենաջերմ խոսքերն է ասում մեր ժողովրդի մասին:

Մենք պարտավոր ենք առաջ գնալ, դա կյանքի տրամաբանությունն է: Հայերիս ամենամեծ արժեքներից մեկը գոյատևման շատ ուժեղ զգացողությունն է։ Եթե կարողացել ենք գոյատևել Մեծ եղեռնից հետո, կարողացել ենք վերականգնվել, աշխարհի տարբեր կենտրոններում՝ Կատարից մինչև Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոսկվա, մեզ վերագտնել, հեռավոր Սիբիրի քաղաքներում եկեղեցի ու դպրոց կառուցել, հայ մնալ, ուրեմն ունակ ենք, ապագային նայել, վերականգնվել և առաջ գնալ:

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրեցինք, ունենք գերության մեջ տղաներ և պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամ է: Բայց նաև պետք է ապագայի մասին մտածենք: Եթե այսօր չմտածենք, հետո ավելի մեծ դժվարության ենք հանդիպելու:

Եթե կարողանանք ունենալ հստակ տեսլական, ծրագիր, կարգապահություն, նվիրվածություն, ազգովի միանանք, վստահ եմ, այս վիճակից դուրս կգանք: Մեր ժողովրդի անցյալն ապացուցում է, որ մենք ունենք բոլոր բարձրագույն արժեքները, որպեսզի դուրս գանք այս վիճակից և մտածենք հետագա հաղթանակների մասին՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական»:

Տեսանյութեր

Լրահոս