Նիկոլ Փաշինյան․ մահվան ճարտարապետը

Հայաստանի իշխանությունը հայտարարում է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրեն նման մանդատ են տվել ՀՀ հպարտ քաղաքացիներն անցած արտահերթ ընտրություններում։

Այսինքն՝ նա արդեն վեց ամիս է՝ բացում է կամ, ըստ իրեն, արդեն իսկ բացել է «խաղաղության դարաշրջանը»։

Անցած այդ վեց ամիսների ընթացքում դարաշրջանի գծով Նիկոլ Փաշինյանի գործընկեր Ադրբեջանի կողմից սպանվել են տասնյակ հայ զինծառայողներ։ Միայն անցած շաբաթվա ընթացքում սպանվել են 19-ամյա երկու զինվորներ։ Այդ զինվորների, նրանց ծնողների ու ընտանիքների համար, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բացել է ոչ թե խաղաղության, այլ մահվան դարաշրջան։

Այդ զինվորների կյանքն այդպիսով զոհաբերվել է Նիկոլ Փաշինյանի մտասևեռմանը։ Ու հնարավոր է՝ նա մարդկային կյանքերի այդ զոհաբերությունը համարում է բնական ու, որքան էլ հակամարդկային հնչի՝ անհրաժեշտ, մտածելով, որ «խաղաղության դարաշրջան» բացելով՝ այնպիսի դարակազմիկ քայլ է կատարում, որի համար մարդկային կյանքը, այսինքն՝ մահը, կարող է արդարացված լինել։ Հատկապես, որ խոսքը ոչ թե սեփական քաղաքական հռետորաբանության մեջ որպես փոխանակման ենթակա ներկայացվող սեփական որդու, այլ օտարի զավակի կյանքի մասին է։

Նիկոլ Փաշինյանը հիմա ակտիվացրել է դավաճանության թեման։

Ֆեյսբուքյան լայվերից փախչելուց ու բունկերներում ապաստանելուց հետո հիմա նա այնքան ինքնավստահ է զգում, որ կրկին վերադարձել է վիրտուալ տարածք և գեներացնում է դավաճանության մասին նոր թեզ, որը պրիմիտիվ լինելով հանդերձ՝ կարող է տեսարաններ ապահովել ապագայում՝ «դավաճանության մեջ կասկածվող» ընդդիմադիրների դատավարությունների տեսքով։

Նիկոլ Փաշինյանն այդպիսով փորձում է հարուցել նոր հանրային փսիխոզ, որը ոչ միայն իրեն հոգեհարազատ է, այլ նաև կարող է որոշակի մանր քարոզչաքաղաքական դիվիդենտներ ապահովել։

Նա, սակայն, ինչպես հաճախ, մատնում է իրեն։

Հրապարակ բերելով դավաճանության թեման, Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ դա իր ամենախոցելի կետն է։ Նա կարող է դավաճանության հոդվածով դատել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց սեփական դատաստանից երբևէ չի կարողանալու խուսափել։ Որովհետև եթե անգամ նա չի դավաճանել Հայաստանին՝ Ալիևի հետ ինչ-որ բարաթ ստորագրելով, ապա դավաճանել է հազարավոր երիտասարդների՝ պաշտպանելով ոչ թե նրանց կյանքի իրավունքը, ինչն իր պաշտոնեական պարտականությունն է, այլ, առնվազն քյալլագյոզությունը պետական քաղաքականություն դարձնելով՝ հնարավոր է դարձրել նրանց մահը։

Նիկոլ Փաշինյանը դավաճանել է պատերազմում զոհված հազարավոր հայորդիների ու շարունակում է դավաճանել գրեթե ամեն օր, երբ սահմանից ստացվում է նրա դավաճանության մասին հերթական հաղորդագրությունը՝ հերթական երիտասարդ զինվորի մահվան բոթի տեսքով։

Նիկոլ Փաշինյանի այդ դավաճանությունը դատարանի դահլիճում պատժվող դավաճանություն չէ, որը երանություն է թվալու երբևէ ստանալիք իրական պատժի համեմատ։ Ու մահվան հասցրած նրա դավաճանության պատիժը ոչ թե մահվամբ, այլ կենդանությամբ կրելիք պատիժ է լինելու։ Քրեական ու որևէ այլ օրենսգրքում չնկարագրված պատիժ։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընդամենը չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է պետություն, որը երաշխավորում է ոչ թե մարդու անվտանգ կյանքը, այլ մահվանից հետո հիշատակը հարգելու արարողակարգը։

Հայաստանը նաև նորակառույց բնակարանների փոխարեն՝ նորաթումբ շիրիմներ ապահովող պետություն է։

Եվ Հայաստանը ոչ թե մարդու, անհատի, այլ ամբոխի պետություն է, որտեղ ամբոխի համար ապագա կա, իսկ անհատի համար ապագան գերեզմանում է։

Այլոց դավաճանության մասին Նիկոլ Փաշինյանը կարող է տրակտատներ գրել։ Սեփական դավաճանության մասին նա առայժմ լռում է։ Երևի քաջ գիտակցելով, որ դրա մասին խոսելու են սերունդները, որոնց թվում՝ նաև իր մեղքով, չեն լինելու այսօր զոհվող երիտասարդների ժառանգները։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս