Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, կամ ինչո՞ւ Սոնա Շահգելդյանը դարձավ առաջին թիրախը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, ինչ երգչուհին հետախուզվում է, իսկ հետախուզումը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից է հայտարարվել:

Ինչպես հայտնում է կայքը, վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր.օր-ի 188 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով։

Ավելի ուշ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այդ առնչությամբ, որը կարծես թե հետո հեռացրեց:

Գրառումից, իհարկե, թեպետ պարզ չէ՝ ո՞ւմ ու ինչի՞ մեջ է մեղադրում Սոնա Շահգելդյանը, որովհետև գրառման առաջին հատվածից տպավորություն է, թե կայքը կեղծ լուր է տարածել, մինչդեռ հաջորդիվ մեղադրանքի սլաքները կարծես թե իրավապահ մարմինների կողմն են ուղղված:

Քրեական օրենսգրքի 188.2 հոդվածն ապօրինի ձեռնարկատիրության մասին է:

Հոդված 188. Ապօրինի ձեռնարկատիրությունը

1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:

Այսինքն՝ Սոնա Շագելդյանին հետախուզում են մի հոդվածով, որը ըստ էության ընդամենը տուգանք է ենթադրում:

Թե ի՞նչն է պատճառը, որ հեղափոխության ջատագով ու այս իշխանությունների նվիրյալ երգչուհու նկատմամբ նման ռադիկալ միջոցներ են ձեռնարկվում, հավանաբար Սոնա Շահգելդյանն ինքը կիմանա:

Հիշեցնենք, որ Սոնա Շագելդյանն առաջիններից էր, ով հրապարակավ ողջունեց Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությունը: Նրան հաճախ կարելի էր տեսնել ՔՊ-ականների շրջապատում: Համացանցում անգամ տեսանյութ տարածվեց, որի ժամանակ Սոնա Շահգելդյանը երգում էր կենսաթոշակային վարչության նախկին պետ Զարեհ Սարգսյանի զույգ որդիների՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի ծննդյան տարեդարձին, որին ներկա էր ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

168.am-ի փորձերը՝ Սոնա Շահգելդյանից պարզել խնդիրը, ապարդյուն անցան. Երգչուհին մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Armlur.am-ի հետ զրույցում, սակայն, երգչուհին նշել էր.

«Ես հարկերը մուծում եմ և միշտ էլ մուծել եմ: Եթե ոչ մի տեղ ներկա պահին գրանցված չեմ, ի՞նչ հարկի մասին է խոսքը: Այդքան շատ երգիչներ կան, ինչո՞ւ չեն վճարում: Ամեն օր համերգ են անում թե՛ այստեղ, թե՛ դրսում: Ես ինքս ամեն օր զինվորների համար եմ գնում երգում, բարի կամքով օգնում եմ, ի՞նչ հարկ: Իրենք ապացուցելու բան չունեն, որովհետև ես մաքուր եմ: Այսինքն՝ բոլոր երգիչ-երգչուհիների մեջ միայն ե՞ս պետք է վճարեմ հարկ: Իրենք իրավունք չունեն նման բան դնելու առանց նախապես ճշտելու, և այդտես էլ գրված է, որ ես անմեղ եմ, պարզապես հրավիրել են ՊԵԿ, և արդեն քանի անգամ գնացել, ապացուցել եմ: Բայց ես ինքս եմ արդեն դատի տալու նման վերաբերմունքի համար, քանի որ արդեն համբերությանս բաժակը լցվել է: Այդքան հարուստներ կան տարբեր բնագավառներում, թող իրենք վճարեն, ինչո՞ւ չեն վճարում, թե՞ ես, որ իմ քրտինքով եմ աշխատում՝ պիտի վճարեմ»:

Տեսանյութեր

Լրահոս