«Մեզ մոտ իրավիճակը լարված չէ, միանշանակ ընդունել են, որ մենք ենք հաղթել». «Մեր հզոր համայնքը» կուսակցության ղեկավար 

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ «Արարատի մարզի Վեդի համայնքում հետընտրական կրքերն այնքան լարված են, որ ընտրություններին մասնակցած ուժերի կողմնակիցների միջև լեզվակռիվը նախօրեին ավարտվել է դանակահարությամբ։

««Հզոր համայնք» կուսակցության աջակից Տիգրան Նահապետյանն ու «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորած Գագիկ Հակոբյանի՝ Գոջիի աջակից Բորիկ Հովակիմյանը, որոնք աշխատում են Վեդիի էլեկտրացանցում, վիճել են, թե ով պետք է դառնա Վեդիի համայնքապետ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Գոջիի համակիրը սեղանից դանակը վերցրել ու դանակահարել է Տիգրան Նահապետյանին` խոցելով թոքը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, վիճակը կայուն ծանր է գնահատվում։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո մասնակից 3 ուժերից որևէ մեկը 50+1 մանդատ չի ստացել և միայնակ չի կարող իշխանություն ձևավորել։ Ամենաշատ ձայն ստացել է «Հզոր համայնքը», ապա՝ ՔՊ-ն, երրորդ տեղում «Հանրապետությունն» է։

Թվում էր, թե վերջին երկուսը կմիավորվեն ու կընտրեն համայնքապետ, սակայն «Հանրապետության» ցուցակը գլխավորած Գոջիի նախընտրական երդումը, թե ինքը որևէ ուժի չի միանալու, գործընթացները փակուղի են մտցրել»,- գրել էր թերթը։

168.am-ի հետ զրույցում «Մեր հզոր համայնքը» կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ որևէ բանից տեղյակ չէ։

«Մեզ մոտ իրավիճակը լարված չէ, միանշանակ ընդունել են, որ մենք ենք հաղթել, բայց տեսնենք՝ ընթացիկ ինչպես կզարգանա։ Մենք պայքարում էինք պետական լծակների ու կառույցների դեմ։ Ոչ թե պայքարում էինք ի վնաս մեր երկրի, այլ պայքարում էինք ի շահ մեր երկրի, ժողովրդի ու համայնքի։ Ես ընտրությունների օրն ասել եմ, որ ժողովուրդն իր ձայնը կտա արժանավորին»,- նշեց Սպարտակ Թարթիկյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն էր, իսկ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն՝ Գագիկ Հակոբյանը: Ընտրությունների արդյունքում, բնակչության մեծամասնությունն իր ձայնը տվել էր «Մեր հզոր համայնքը» կուսակցության ղեկավար, Արարատի մարզի Սիսավան  համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանին։

Տեսանյութեր

Լրահոս