«Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է». ընդդիմադիր պատգամավոր
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները թվիթերյան գրառման շրջանակներում անդրադարձել է թեմային ու հռետորական հարց հնչեցրել, թե արդյոք Էրդողանը դա գիտակցաբար է անում:
Շեները մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է: Գնաճը մեծանում է: Կյանքը անտանելիորեն ավելի է թանկանում: Գիտակցաբա՞ր է անում: Գուցե… Բայց երբ տեսնում ենք, որ կառավարության ելույթներից հետո աշխարհը զնդանի է վերածվում, ապա մենք որպես ժողովուրդ պետք է մեր գլուխն առնենք ձեռքերի մեջ ու փրկության որոշում կայացնենք»:
Հիշեցնենք, որ կառավարության կողմից վարվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականության հետևանքով Թուրքիայում վերջին շրջանում պարբերաբար արժեզրկվում է ազգային արժույթը, ինչը հանգեցնում է կտրուկ գնաճի՝ հատկապես ներմուծվող ապրանքների համար: Նախագահ Էրդողանի այս թեմայով վերջին մի քանի ելույթներին շուկան բացասական է արձագանքել, ինչի արդյունքում էլ տեղի են ունեցել լիրայի արժեզրկման ևս մի քանի դրսևորումներ: